«Մենք առաջ ենք քաշել մեր վարկածները, ու ոչինչ իրենք չեն հետազոտել մանրամասնորեն։ Պաշտոնական վարկածը ոնց հայտարարեցին, նույն ուղղությամբ տարվում է գործը․ նեղություն չեն քաշում այլ վարկածներ քննարկել։ Ոնց որ ասացին՝ այլ վարկած քննարկելն ազնիվ չի լինի քննարկել, պարոն Փաշինյան, նույն իրենց քաղաքական պապա Փաշինյանի վարկածից բացի այլ վարկած չի քննարկվում»,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղում մեկ տարի առաջ ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Նա նշեց՝ այս իշխանությունից ոչ մի սպասելիք չունի․ «Այն վերաբերմունքը, որ ունեն մեր բանակի, զինվորների հանդեպ իրենցից սպասելիք չունեմ։ Իրենք զինվոր ուտելուց բացի ոչինչ չեն կարող անել»։
Հարցին՝ ի՞նչ են ուզում թաքցնել, Գաբրիել Կիրակոսյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել․ հնարավոր է՝ դիվերսիան են թաքցնում, որ ի վիճակի չեն եղել դեմն առնել։ Նույն Լևոն Խառատյանին պարոն Նորիկյանը հարցնում է՝ տղա ջան, որ դու զենքը վերցրել, կառաուլ ես կանգնել, ինչ-որ ձևով քեզ ինստրուկտաժ արե՞լ են, թե թշնամու հարձակման դեպքում ինչ գործողություններ պիտի իրականացնես։ Ասում է՝ ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ես զենք տալիս։ Հարցնում եմ՝ հրդեհային անվտանգության հետ կապված քեզ ինստրուկտաժ արե՞լ են, ասում է՝ ոչ։ Այսինքն՝ հայ սպա, ի՞նչ ես արել․ միայն թալա՞նն է եղել։ Փաստերով եմ խոսում, ձայնագրություններ էլ ունենք»։
Մահացած զինծառայողի հայրը վրդովվեց՝ մեկ տարին կլրանա ողբերգության, բայց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից որևէ մեկը մի բան լսե՞լ է այդ երեխաների մասին․ «Երեկ զարմացա, որ խոսեց ձնահյուսի պատճառով մահացած տղայի հետ կապված։ Ի՞նչն էր դրդել, երևի վերևից մի բան են ասել։ Մինչև իրեն դրսից բան չասեցին, չբարեհաճեց դեպքի վայր գնալ՝ պատճառաբանելով, որ վախենում է դիակից։ ՊՆ նախարարը նման արտահայտություն կանի՞»։
Կարդացեք նաև
Նա նաև երկու ձայնագրություն ներկայացրեց, թե ինչպես է վաշտի հրամանատարը արձագանքել հրդեհին և ինչպես է իր հետ զրույցում ներկայացրել, որ իմացել է հրդեհի մասին․ «Սպան ձայնագրությունը ներկայացնում է, թե իրեն զանգել, ինչ են ներկայացրել հրդեհի ժամանակ։ Նա ինձ հետ զրույցում ներկայացնում է, թե հրդեհ է, բայց դրա դեմը առնել կլինի, ասել է՝ տղաներին հանեք, ես զանգում եմ՝ պաժառնին գա»։ Ձայնագրության մեջ այսպիսի խոսակցություն է․ «Հինգ հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել։ -Ո՞վ է պատասխանատու։ -Եղոն»։ Գաբրիել Կիրակոսյանն ասաց՝ այս ամենը վաշտի հրամանատարն այնպես է ներկայացնում, թե իրեն զանգել, ասել են, որ հրդեհ է, որի դեմը կարելի է առնել։
Մահացած զինծառայողի հայրը մի շարք զուգադիպություններ է տեսնում․ «Ռազմականի գալը, որոշ բանի համար տղերքին անալիզի են ուզեցել տանեն, սաղ մնացածների մեջ են, գնացել էին ջուր բերելու, թե որ զինվորն էդ ցրտին կգնա ջուր բերելու, հեռախոսները հավաքելը, սպայի հետ ծեծկռտուքը, միների տեղափոխումը, որ տղաներից երկու-երեքը, հնարավոր է վատ պայմաններից ելնելով, կարող էին տեղափոխվել, բայց պետք էր, որ բոլորը նույն տեղում լինեին, որ ինչքան հնարավոր է շատ երեխայի գլուխ ուտեն։ Ու հետո հրդեհը։ Կարո՞ղ է այդքան զուգադիպություն լինել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ