«Դավաճան Նիկոլի օրոք իմ տեղը բանտում է: Ազատության մեջ գտնվելով եւ գիտակցելով, որ ոչինչ չեմ կարող անել Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը խափանելու ուղղությամբ, ինձ շատ ծանր հոգեկան տառապանքներ կարող է պատճառել: Կալանավայրում, այդ ամեն ինչին կողքից դիտելն ինձ համար շատ ավելի գերադասելի է»,- այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ որեւէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեմ սկզբունքային առարկություն ունի եւ նման միջնորդություն չի ներկայացնելու:
2024 թվականի հունվարի 28-ին լրանում է փաստաբան Մուշեղ Շուշանյանի կալանքի ժամկետը եւ այսօր կայացած նիստում դատարանն անդրադարձավ Մուշեղ Շուշանյանի կալանքի հարցի քննարկմանը:
Հիշեցնենք, Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված արարքի համար` գործող իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Խնդրո առարկան փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է:
Մուշեղ Շուշանյանն առաջ անցնելով հայտարարեց, որ վերջնական փուլում ինքը նաեւ պահանջելու է, որ իր դեմ կամ արդարացման վճիռ կայացվի կամ պատժի առավելագույն ժամկետը կիրառվի. որեւէ այլընտրանքային տարբերակ, ինչպես, օրինակ Ավետիք Չալաբյանի դեպքում եղավ՝ ազատության սահմանափակումներով, ինքը չի ընդունելու:
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողը միջնորդեց՝ երեք ամիս ժամկետով երկարացնել կալանքը, քանի որ դրա անհրաժեշտությունը դեռ կա եւ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում մեղադրյալը կարող է խուսափել դատաքննությունից: Ավելին, հանրային մեղադրողի գնահատմամբ խիստ բարձր է հավանականությունը, որ Մուշեղ Շուշանյանն այդ ընթացքում նոր հանցանք կկատարի:
«Միանում եմ հանրային մեղադրողի միջնորդությանն այն առումով, որ որեւէ կերպ չեմ առարկում, որ իմ նկատմամբ կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվի: Բայց, միաժամանակ, հայտարարում եմ, արձանագրում եմ, փաստում եմ, որ իմ նկատմամբ կալանք կիրառելու հիմքերն ի սկզբանե բացակայել են, կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը նմանապես բացակայել են, դրանք այս պահի դրությամբ եվս բացակայում են: Ես ասացի, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումը ունի բացառապես քաղաքական դրդապատճառ, պայմանավորված է բռնապետիկ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությամբ»,- հայտարարեց Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ խնդրում է միջնորդությունն ամբողջությամբ բավարարել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը մասնակիորեն. Մուշեղ Շուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց երկու ամսով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ