Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործով դատական նիստը: Արտուշ Գաբրիելյանը մերժեց իր նկատմամբ բացարկի միջնորդությունը:
«Չնայած նրան, որ ժողովուրդ չկա, չնայած նրան, որ դիմադրություն չկա Նիկոլ Փաշինյանի՝ պետությունը թշնամուն հանձնելու ծրագրերին… »,- դատարանում հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան ընդհատեց՝ տարակուսելով՝ Շուշանյանը իրեն բացարկի միջնորդությո՞ւն է ներկայացնում, թե՞ քաղաքական հայտարարություններ է անում: Նա խնդրեց եւ պահանջեց՝ դատարանում քաղաքական հայտարարություններ չանել: Մուշեղ Շուշանյանը հակադրվեց՝ ասելով, որ իր նկատմամբ հետապնդումը ծայրից-ծայր քաղաքական գործ է, ուստի այս ամենում քաղաքական տարրը հնարավոր չէ բացառել. այն առկա է թե իր գործողություններում, ինչի համար իր դեմ քրեական հետապնդում է սկսվել, թե բուն քրեական հետապնդման մեջ:
Հիշեցնենք, Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված արարքի համար` գործող իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Խնդրո առարկան փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է:
«Ժողովուրդն անհաղորդ կերպով հետեւում է, թե ո՞նց են դրանք կատարվում…»,- փորձեց շարունակել Մուշեղ Շուշանյանը՝ կրկին արժանանալով դատավորի դիտողությանը՝ դատական սանկցիա կիրառելու՝ ընդհուպ մինչեւ դատարանի դահլիճից հեռացնելու մասին: Մուշեղ Շուշանյանը սա դիտարկեց իր նկատմամբ սպառնալիք եւ իր իրավունքների սահմանափակում, քանի որ, ինքը դատավորին բացարկի մասին միջնորդությունն այդպես էլ չի կարողանում ներկայացնել:
Կարդացեք նաև
«Չնայած նրան, որ դիմադրություն չկա ժողովրդի կողմից, Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է իր հայրենավաճառության մասին հայտարարությունների հանդեպ եւ դիմադրության ամենափոքր հնարավորությունը նա փորձում է ճնշել: Դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց թվին պատկանում եմ նաեւ ես»,- ի վերջո հայտարարեց Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ 2023-ի սեպտեմբերի 19, 20, 21-ին, Արցախի հանձնման եւ հայաթափման օրերին, Հանրապետության հրապարակում կայացած ցույցերի ժամանակ, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, 60 անձ է բերման ենթարկվել, որոնցից 42-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, ինչը փաստում է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ 42 անձի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն անընդհատ կրկնում էր, որ Մուշեղ Շուշանյանի հայտարարությունները իր բացարկի միջնորդության, դրա հիմքերի հետ կապ չունեն՝ հորդորելով խոսել ըստ էության: Մուշեղ Շուշանյանն անդրդվելի էր: Նա շարունակեց՝ այդ մարդկանց հնարավոր է եղել կալանավորել՝ ԲԴԽ-ի միջոցով, որը, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, փորձեր է արել դատական համակարգն իրեն ենթարկեցնելու:
Արտուշ Գաբրիելյանի նյարդերը տեղի տվեցին, նա դատական սանկցիա կիրառեց Մուշեղ Շուշանյանի նկատմամբ՝ նախազգուշացում, ասելով, որ դատական կարգին չենթարկվելու պարագայում ավելի խիստ սանկցիա կկիրառի:
Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսին, երբ ինքը «Վարդաշեն» ՔԿՀ-ում էր, լսել է, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է մոտավորապես հետեւյալը՝ «եթե պետք լինի կուղղարկենք «Վարդաշեն», եթե պետք լինի ուղարկել այլ տեղ՝ կուղարկենք այլ տեղ»: Սա, իր կարծիքով, նշանակում է, որ գործադիրի ղեկավարն ուղիղ կամ անուղակի կերպով հայտարարում է, որ դատական իշխանության վրա ճնշման լծակներ ունի: Փաստաբանը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարություններ՝ «կա՞ այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի» եւ այլն՝ եզրակացնելով, որ 42 քաղբանտարկյալներից որեւէ մեկի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել, բայց այն ընտրվել է ու պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է մեծամասամբ, դատախազն իշխանությանն իրեն ենթարկեցնել ու ծառայեցնել իր դավաճանական օրակարգի սպասարկմանը:
«Եվ, քանի որ Դուք, իմ նկատմամբ կալանքը երկու ամսի երկարացրել եք՝ չունենալով որեւէ հիմք, դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ Դուք կատարում եք անձամբ Նիկոլ Փաշինյանի պատվերը, քանի որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի բացառապես քաղաքական շարժառիթ եւ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությամբ»,- հայտարարեց Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ ողջամիտ կասկած ունի, որ Արտուշ Գաբրիելյանն այս գործով օբյեկտիվ չէ:
Հանրային մեղադրողը հայտարարեց, որ միջնորդությունը անհիմն է, քանի որ ՔՕ-ի հոդվածներին համապատասխանող հիմքեր չունի:
Այսօրվա նիստում դատարանը հստակեցրեց նաեւ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման կարգը: Մուշեղ Շուշանյանը ներկա չի գտնվի ապացույցների հետազոտման նիստերին՝ օգտվելով իր իրավունքից, բայց, ապացույցների հետազոտման փուլի վերջում ինքը ցուցմունք կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ