Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է՝ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությունը

Հունվար 18,2024 16:05

«Радио Sputnik» և «Տոսպա» ընկերությունների արձագանքը ՀՌՀ որոշմանը

Հունվարի 16-ին «Радио Sputnik» ընկերությունը հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Sputnik Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Радио Sputnik»–ի խմբագրական քաղաքականությանը»։

Նամակի առիթը ՀՌՀ-ի 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց և 30 օրով կասեցրեց Երևանում «Sputnik Արմենիա»–ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։

Որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:

Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։

«Радио Sputnik»–ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։

Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ, «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումներն այլևս եթերում չեն լինի։ 

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում:

«Радио Sputnik»–ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությանը։

ՀՌՀ–ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով և ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմնակալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031