Լրահոս
Օրվա լրահոսը

Արամուսում Տիրան Խաչատրյանին հունից հանել է իր հասցեին՝ գեներալ լինելուն վերաբերող արցախցիների քննադատությունը

Հունվար 18,2024 15:51

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպով անցնող մյուս 4 մեղադրյալները Արցախից են: Արամուսում հավաքվել են ընթրելու, բոլոր մասնակիցներն էլ եղել են ընկերներ:

Ռոման Երիցյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Ընկերական սեղանի շուրջ մեկը մյուսին չեն հասկացել, ինչի պատճառով էլ վեճն առաջացել է: Արայիկ Հարությունյանի, կամ Արցախի, կամ ընդհանրապես պատերազմի, կամ քաղաքական որեւէ թեմա սեղանի շուրջ չի հնչեցվել: Տիրան Խաչատրյանի հասցեին եղել է որոշակի քննադատություն, զինվորականության, իր՝ գեներալ լինելու վերաբերյալ, ինչն էլ իր կողմից լավ չի ընդունվել: Մեր պաշտպանյալների կողմից արված արտահայտությունները Տիրան Խաչատրյանի կողմից այլ կերպ ընկալելու հետեւանքով հայհոյանք է եղել»,- Aravot.am-ին պատմեց միջադեպով անցնող երկու մեղադրյալների պաշտպան, փաստաբան Ռոման Երիցյանը:

Մեր զրուցակցի խոսքով, իր պաշտպանյալները դեպքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել, իր տվյալներով՝ նաեւ Տիրան Խաչատրյանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել. «Իմ պաշտպանյալը Արցախում բանակի շինարարության գործով էր զբաղվում եւ Տիրան Խաչատրյանի հետ նախկինում առնչություն է ունեցել: Տիրան Խաչատրյանը 20 տարուց ավելի Արցախում զինվորական ծառայության է եղել, հետեւաբար, նման անձանց հետ որոշակի առնչություն է ունեցել ու նրանց հետ գտնվել է ընկերական հարաբերություններ մեջ: Առիթ չի եղել, հավաքվել են ընթրելու, ընկերական հավաք է եղել: Վնասվածք ստացած անձը նույնպես Արցախի հանրապետության քաղաքացի է, ներկա պահին դեռեւս հաստատված չէ՝ իր ստացած վնասվածքը կապ ունի՞ հրազենի գործածման հետ, թե՞ ոչ»:

Փաստաբանի համոզմամբ՝ Տիրան Խաչատրյանի կալանավորման նպատակը նախկինում իշխանության հասցեին իր քննադատ խոսքերի հետեւանք է. «Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալներից մեկին կալանավորելուն, կալանքը առանց հիմքի է: Դրա նպատակը, ըստ իս, ցույց տալն է, թե Տիրան Խաչատրյանի կալանավորումը ոչ մի խտրական վերաբերմունք չի ներկայացնում, հաշվեհարդար լինելու տարբերակ չէ, այսինքն՝ տեսեք՝ եթե Տիրանին կալանավորել ենք, միջադեպի մյուս մասնակցին էլ ենք կալանավորել: Այնպես չէ, որ ոչ մեկին չենք կալանավորել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իմ պաշտպանյալի կալանավորման հիմքում դնում են, որ կարող է փախչել նախաքննության մարմնից, իմ պաշտպանյալը կամովին ներկայացել է քննչական կոմիտե ու հայտնել իրողությունը: Նման պարագայում, երբ իրեն սպասվող պատիժը նույնիսկ կարող է ազատազրկման հետ կապ չունենալ, որովհետեւ իրեն մեղսագրվող արարքը տուգանքի տեսքով էլ է պատիժ նախատեսում, կալանավորումը Հայաստանի դատական պրակտիկայում 1000-ից մեկ կամ 2000-ից մեկ է հանդիպում: Էլ չեմ խոսում իր արցախցի լինելու, փախստական լինելու, առողջական խնդիրներ ունենալու ու տան միակ կերակրող լինելու եւ այլ հանգամանքների մասին»:

Փաստաբանն աբսուրդ համարեց նաեւ, որ իր պաշտպանյալներից միայն մեկի նկատմամբ են կալանքի որոշում ընդունել, այն դեպքում, երբ երկուսին էլ նույն արարքն է մեղսագրվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031