Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձանից հողս ընդմիշտ վերցնում եք, տալիս եք մի տարվա արդյունքի չափ գումար»․ Վարդենուտի մի խումբ բնակիչներ դժգոհ են իրենց գյուղատնտեսական հողերի դիմաց «ՌԻԴ» ՍՊԸ-ի առաջարկած փոխհատուցումից

Հունվար 18,2024 15:08

Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքի մի խումբ բնակիչներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Նրանց ներկայացմամբ՝ համայնքի 110 հեկտար հողատարածք ճանաչվել է հանրային գերակա շահ, սակայն սեփականատերերը համարժեք փոխհատուցում չեն ստանում։

«Մեզ առաջակում են շատ ցածր գին՝ 260-300 դրամ, սա մեզ համար ընդունելի չէ, դա շուկայական արժեք չէ։ Մեզ համար ընդունելի արժեքը 2000 դրամն է։ Հողերը գյուղատնտեսական նշանակության են։ Եվ եթե այս գինը գնորդի համար ընդունելի չէ, ապա թող մեզ տրամադրեն նմանատիպ հողեր՝ նույնպիսի հողեր նույնքան քառակուսի մետրով։ Մեր հողերը կորցնելով՝ մենք դառնում ենք գործազուրկ»,-ասացին գյուղացիները։

Գնորդը, ըստ նրանց, «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը ՌԴ-ից է, նրա հետ երեք անգամ հանդիպել են, սակայն ոչ մի արդյունք․ «Դրա համար ուզում ենք հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ։ Դիմում ենք գրել Փաշինյանին, վերահասցեագրվել է էկոնոմիկայի նախարարություն, պատասխանել են, որ մեզ պարտավոր են տալ այնպիսի շուկայական արժեք, որը կձեւավորվի գնորդի եւ վաճառողի գիտակցաբար, արդարացի որոշման արդյունքում, որը հանրային գերակա շահի մասին օրենքի պահանջ է, կամ էլ դատարանի որոշմամբ պետք է որոշվի»։

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ երեկ է հանդիպել ընկերության իրավաբանի հետ․ «Առաջարկել եմ, որ այդ հողերը մեր ապրուստի միակ միջոցն են, դուք ինձ տալիս եք այնքան փոխհատուցում, որից ես մի տարում արդյունք եմ ստանում։ Ինձանից ընդմիշտ վերցնում եք, տալիս եք մի տարվա արդյունքի չափ գումար։

Հիշեցնենք, որ Արագածի մոտ բնակավայրերում, Ապարանում մեծ հողատարածքների գնորդ «ՌԻԴ» ընկերությունը, որի հիմնադիրը ռուսաստանաբնակ հայ Ռուբեն Գրիգորյանն է ։

2023-ի մարտին կառավարությունը հավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031