Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հայտարարություններն անընդունելի եմ համարում, քանի դեռ քննությունն ավարտված չէ»․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 18,2024 14:54

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ բանակում ոչ մարտական պայմաններում մահացությունների վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ 

Դեռ նախաքննության չավարտված՝ Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը ձնահյուսի հետեւանքով մահացած զինծառայողի գործով փորձեցին ծնողներին ու հարազատներին մեղադրել։ Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ասել էր, որ եղանակային վատ պայմաններում հարազատների կողմից արտաքին ճնշում է եղել, որպեսզի զինծառայողը իջնի դիրքերից ու գնա տուն, ինչն էլ դարձել է ողբերգության պատճառ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Երբ զանգում ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք, բերեք տեղ հասցրեք, եւ ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պետք է խոսենք այս բաների մասին»։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Զինված ուժերի հետ կապված մեծ թվով հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն փակ դռների հետեւում։ «Դա վերաբերում է նաեւ մարտական այն դիրքերին, որոնց հետ կապված երեկ պաշտպանության նախարարն էր հայտարարություն անում՝ դժվարամատչելի, բարձրլեռնային դիրքերին։ Իհարկե, հասկանալի է, որ եղանակային վատ պայմաններից ելնելով՝ կարող են տեղի ունենալ ճանապարհի փակման դեպքեր, դրանք բերեն որոշակի ողբերգական պատահարների, բայց ես կարծում եմ, որ մեծ թվով հարցեր կան, որոնց մասին նույնիսկ չարժե բաց խոսել։ Եթե հարցին անդրադառնամ ողբերգությունների համատեքստում, ապա կա երկու կարեւոր պրոցես, որոնք պետք է ավարտվեն, որից հետո հնարավոր կլինի խորքային գնահատական հնչեցնել։ Առաջինը բնականաբար քրեական գործերն  են, որոնք ի հայտ են բերում բոլոր հանգամանքները, երկրորդը ծառայողական քննություններն են, որոնք իրենց հերթին լրացուցիչ տեղեկատվության հնարավորություն են ստեղծում։ Քանի դեռ այդ գործընթացներն ավարտված չեն, որեւէ գործչի կողմից հնչող հայտարարությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, անընդունելի եմ համարում»,- ասաց Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031