Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա երեխայի բռնաբարության, մոր ու երեխաների դաժան սպանության մեջ մեղադրվողը դեպքից հետո գումարով սեռական հարաբերություն է ունեցել երկու կանանց հետ

Հունվար 18,2024 14:43

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում է Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության աղմկահարույց գործի դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ:

Դատախազը ներկայացրեց ապացույցների ծավալը: Նա թվարկեց, որ կան բազմաթիվ վկաների ցուցմունքներ:

Վկա Արմենուհի Ռափյանը Զարինեի հարազատն է, ցուցմունքում նկարագրել է, թե դեպքը տեղի ունենալու օրն ինչպես է իր տան դարպասի դուռը փակելիս լսել Զարինեի ձայնը՝ ճիչեր, բղավոցներ, բայց չի խառնվել՝ մտածելով, որ Զարինեն երեխայի վրա է բարկանում: Համենայնդեպս, այդպես է ենթադրել:

Սայաթ Միքայելյանն այն վարորդն է, որը Վրույր Բարսեղյանին դեպքի հաջորդ օրը տարել է Արթիկ քաղաք, նա ցուցմունքում նկարագրել է, թե Վրույրն ինչ վիճակով էր: Անդրանիկ Հովհաննիսյանն այն տաքսու վարորդն է, որը Վրույր Բարսեղյանին Երեւան է տեղափոխել, նշել է իրենց խոսակցության բովանդակությունը, ինչքան գումար է Վրույրի մոտ նկատել:

Գայանե Մ․–ն այն անձն է, որի հետ դեպքի հաջորդ օրը Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, նա ցուցմունքում նշել է Վրույրի հետ խոսակցությունը, նրա մարմնական վնասներ ստացած լինելու հանգամանքը: Նմանատիպ ցուցմունք տվել է նաեւ մեկ այլ կին, որի հետ Վրույր Բարսեղյանը նույնպես գումարի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն՝ դարձյալ դեպքի հաջորդ օրը:

Կա Գոռ Հակոբյանի ցուցմունքը: Նա Վրույր Բարսեղյանի ընկերն է: Ինչպես դատախազը նշեց, ցուցմունքում դեպքի օրվա հետ կապված Վրույրի հետ լինելու վերաբերյալ է նկարագրել, որ ժամին որտեղ են եղել, ինչու են հանդիպել՝ մինչեւ նրա ձերբակալվելը, նաեւ՝ իրենց տանից լինգ վերցնելու մասին տվյալներ է հաղորդել:

Ազգանուշ Բարսեղյանը, որն ամբաստանյալ Արկադի Բարսեղյանի մայրն է, ցուցմունքում նկարագրում է, թե դեպքի օրը, հաջորդող օրը որտեղ է եղել, երբ է հանդիպել Արկադիին, դեպքի օրը երբ նա վերադարձել է տուն, ասել է, որ չի տեսել, թե որ ժամին է որդին վերադարձել:

Հայկ Մելիքսեթյանը տուժող Սեւակ Մելիքսեթյանի հետ եղել է ՌԴ-ում, Արկադին իրենից է ճշտել, թե երբ են վերադառնում Հայաստան, նրանք խոսել են հեռախոսով:

Տիգրան Թովմասյանը, որն Արկադիի հետ ՌԴ-ում աշխատած անձ է, ցուցմունքում նկարագրել է, թե մոտավորապես ինչ գումար են վաստակել այնտեղ, երբ են վերադարձել ՀՀ, նկարագրել է Արկադիի՝ կանանց հանդեպ ունեցած վերաբերմունքի, կանանց հետ շփվելու մասին, Վրույրի ու Արկադիի լավ փոխհարաբերությունների մասին, ասել է, որ Վրույրը չէր կարող անել հակառակը, քան Արկադին կասեր:

Նազիկ Մարգարյանը՝ Վրույր Բարսեղյանի մայրը, ցուցմունքում հայտնում է, թե նոյեմբերի 8-ին ուր է գնացել, որ ժամին է հեռախոսազրույց ունեցել Վրույրի կնոջ ու նրա հետ՝ տեսազանգով, դա եղել է 23:30-ին, ստացվում է, որ այդ ժամին Վրույրը գտնվել է տանը, ինչպես նաեւ նշել է խուզարկության ընթացքում հայտնաբերված Վրույրի՝ արյան հետքերով սպորտային կոշիկների եւ ծալովի դանակի մասին:

Վրույրի կինը հայտնել է դեպքի նախորդող ժամանակահատվածում ամուսնու հետ հարաբերությունների մասին, երբ է եկել, հայտնել է տեղեկություններ, որ որդին հետագայում իրեն պատմել է, որ Արկադին եկել է եւ ձայն է տվել Վրույր Բարսեղյանին, որից հետո միասին հեռացել են:

Կա հենց Վրույրի որդու՝ անչափահաս Հովհաննես Բարսեղյանի ցուցմունքը, որը հայտնել է, թե ինչ հանգամանքներում է Արկադին երեկոյան ժամին եկել ու կանչել իր հորը:

Անչափահաս Հովհաննես Կարապետյանը՝ Վրույրի հարեւանը, նշել է, որ դեպքի նախորդող օրերին տեսել է, թե ինչպես են Արկադին ու Վրույրը տան հատվածում մեքենայի մեջ նստած զրուցել:

Հայկ Մկրտչյանը Սեւակ Մելիքսեթյանի կնոջ՝ Զարինեի եղբայրն է: Նա ցուցմունքում հայտնել է Զարինեի հետ ունեցած խոսակցությունների մասին դեպքի նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաեւ հուղարկավորության ժամանակ Արկադիի վարքագծի մասին:

Կան նաեւ փորձագետների ցուցմունքները, դատագենետիկական, դատակենսաբանական փորձագետների եզրակացությունները: Կա եզրակացություն նաեւ, որ Վրույրի Բարսեղյանը մեղսունակ է:

Մյուս ապացույցը Վրույրի ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունն է, որտեղ նա հայտնել է իր կողմից կատարված վտանգավոր արարքի, ինչպես նաեւ Արկադիի կողմից կատարած վտանգավոր արարքի մասին:

Մանրամասն նկարագրել են, թե ոնց են ներխուժել բնակարան, ոնց են հեռացել:

Հեռախոսների գաղտնալսման զննությամբ առկա է խոսակցություն Վրույրի ու նրա մոր, որը հայտնել է, որ Արկադին զանգահարել է Վրույրի ընկերներին, ինչ-որ բաներ է փոխանցել: Առկա են Վրույր Բարսեղյանի խոսակցությունները, որտեղ նա նկարագրում է, թե ինչ է եղել, Արկադիի հետ է մասնակցել, ինչ գործողություն են կատարել, մայրը փորձել է ուղղորդել Վրույրին, որ տա այնպիսի տեղեկություն, որ իր վիճակը բարելավվի ու տա այնպիսի տեղեկություններ, որ վատթարացնի Արկադիի վիճակը, նա ասել է՝ չէ, ոնց եղել է, այդպես էլ կներկայացնեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031