Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանն իր փոխնախարարին եւ ԾԻԳ-ի ղեկավարին պաշտոնից ազատելու մասին․ «Այս տեղափոխումները կապված չեն կոնկրետ «Մարտունի» ԲԿ-ի հետ, այլ՝ ընդհանուր մեր կապիտալ շինարարության ընթացքի»

Հունվար 18,2024 14:31

«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի նոր տարածք»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ «Մարտունի» բժշկական կենտրոնը երեք ամիս առաջ է բացվել, սակայն այն այսօր չի աշխատում, ընդ որում, դրա հանդիսավոր բացմանը ներկա էր վարչապետը (լուսանկարում

Ավանեսյանի ներկայացմամբ․ «Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման կամ նոր բժշկական կենտրոնի հիմնադրման, որը պրոցես է։ Այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի լրացումներ, փոփոխություններ, որակի նկատմամբ եւս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»։

Նախարարն ասաց, որ բացման օրը իր նշած ժամկետից ավելի երկար են տեւել տեղափոխման աշխատանքները․ «Մեզ համար ավելի կարեւոր է արդյունքը, մենք որեւէ շտապողականություն չցուցաբերելու համար պետք է հավաստիանանք, որ պրոցեսները լրիվ գործարկված են, դրանից հետո մենք եւս մենք անգամ հավաստվել ենք շինարարական տեխնիկական ամբողջ աշխատանքների որակի մեջ»։

Հիշեցնենք, որ մամուլը գրել է, որ «Մարտունի» ԲԿ-ն թեեւ 3 ամիս առաջ է բացվել, սակայն արդեն չի գործում, կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր, տեխնիկական շատ հարցեր կան. նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին:

Արդյոք փոխնախարարն ու ԾԻԳ-ի ղեկավարը այս ԲԿ-ի հետ կապված խնդիրների պատճառով են ազատվել աշխատանքից, այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց․ «Արմեն Նազարյանն արձակուրդում է։ Նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի՝ հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը եւ այն պատասխանատվությունը, որը անհրաժեշտ է իր վրա կրի այդ գծով համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելը»։

Նախարարը չպատասխանեց հարցին՝ արդյոք Նազարյանն է եղել ԲԿ-ի հետ կապված պատասխանատուն։

ԾԻԳ-ի ղեկավարին պաշտոնից ազատելու մասին էլ նախարարն ասաց․ «Եվս կապված է կապիտալ շինարարությունների ընթացքի կառավարման եւ այն պահանջների կատարման հետ, որ իր առջեւ դրված է եղել։ Ես իմ կողմից ներկայացրել եմ իմ պահանջներն ու դրանց կատարման հետ կապված որոշակի արգումենտներ եւ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, համաձայն լինելով, որ գուցե չի կատարում ըստ իմ պահանջների։ Այս տեղափոխումները կապված չեն կոնկրետ «Մարտունի» ԲԿ-ի հետ, այլ ընդհանուր մեր կապիտալ շինարարության ընթացքի հետ են կապված»։

Թե ի վերջո երբ կբացվի Մարտունու հիվանդանոցը, նախարարը օր չնշեց, ասաց՝ առաջիկայում կհայտարարեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031