Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ուժերում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ». ՄԻՊ ներկայացուցիչ

Հունվար 18,2024 14:12

«Ինչքան խոսում են բանակում բարեփոխումներից, Զինված ուժերում նորարարություններից, այնքան ունենում ենք առավել վատ պատկեր եւ առավել մտահոգիչ երեւույթների արձանագրում»,-Մեդիա կենտրոնում «Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով. «Անընդհատ խոսվում էր, որ հին, կոռումպացված գեներալիտետից պետք է ազատվել, եւ ի վերջո ազատվեցին: Հիմա բոլոր «հին» մարդիկ բանակից դուրս են եկել ու նոր մարդիկ են կառավարում: Հետևաբար` չեմ ընդունում այն ձեւակերպումը, թե այսօր, այսպես կոչված, նախկին բարքերն են»:

Պատգամավորի ձեւակերպմամբ, խնդիրը համակարգային է. «Բանակով եւ զինված ուժերով այժմ զբաղվում են մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել, տարրական կանոնադրային հարաբերությունները չեն պատկերացնում: Մի արձանագրում եւս. սա եզակի դեպք է, որ Նիկոլ Փաշինյանի հետ երեւի պիտի համաձայնեմ՝ այո, մեր երկրում հարցեր չեն լուծվում: Եվ այդ հարցեր չլուծելը ծնում է նոր անպատասխանատվություն: Եթե ժամանակին բարձրացված խնդիրներն ունենան ռեալ եւ օբյեկտիվ լուծում, մենք մահվան ելքով կորուստներ չենք ունենա բանակում:

Ի դեպ, պետական համակարգի նկատմամբ այսօր չկա վստահություն, ուստի շատ պրոֆեսիոնալներ հրաժարվում են պետության հետ առնչվելուց եւ գնում են մասնավոր դաշտ: Այդ խնդրին մենք բախվում ենք անընդհատ ԱԺ-ում, երբ տեսնում ենք, որ օրումեջ մի նախարար կամ փոխնախարար է գալիս զեկուցելու, որոնք ուղղակի անտեղյակ են իրենց աշխատանքից, ոլորտից: Սա չի կարող իր ազդեցությունը չունենալ բանակի վրա: Նաեւ հաշվի առնենք, թե վերջին շրջանում այնտեղ քանի փոխնախարար է փոխվել»:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը նշեց, որ տարին սկսել են մահվան 3 դեպքերի մասին տեղեկություններ ստանալով: Նրա խոսքով. «ՄԻՊ աշխատակազմում գործում է մասնագիտացված ստորաբաժանում՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը: Նաեւ ՄԻՊ-ին առընթեր գործում է Զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդը… Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա եւ ներկայումս էլ առկա է: Մեր աշխատակազմում մշտապես վիճակագրություն է վարվում, վիճակագրության հիմքում են նաեւ պետական իրավասու մարմինների տրամադրած տեղեկությունները»:

ՄԻՊ ներկայացուցիչը վիճակագրական մի քանի տվյալ ներկայացրեց. «2018թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020թ.՝ 54 դեպք, 2021-ին՝ 58 դեպք, 2022-ին՝ 64, 2023թ ավելի շատ: Վերջին 4 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ զինված ուժերում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ: Նույնն է վիճակը նաեւ ինքնավնասումների առումով: 2020թ՝ 65, 2021թ՝ 77, 2022-ին՝ 108 ինքնավնասման դեպք… Եվրոպական դատարանն ասում է, որ զինծառայողները գտնվում են պետության ձեռքերում, զինված ուժերում ինչ տեղի է ունենում, բոլորն ուղիղ պետության պարտականության պատասխանատվության տիրույթում են»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ձեւակերպմամբ, այս պատկերի պատճառը պատասխանատվության բացակայությունն է. «Եղել են դեպքեր, որ նույն զորամասում կարող է երկու դեպք լինել, բայց նման մահվան դեպքերի նման հաճախականություն երբեք չի եղել »:

Ի թիվս այլնի, իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ 15 զինվորների այրվելու դեպքին. «Մտածում ես, որ ինչ-որ բան պետք է տեղից շարժվեր, բայց ոչ մի բան էլ չշարժվեց… Մենք չենք լսում հանրության առջեւ բացատրություն, դա արդեն անպատասխանատվություն է, մենք չենք լսում այդ ընտանիքների առջեւ բացատրություն, թե ինչու են իրենց որդիները սպանվում, երբ իրենց պատասխանատվության ներքո են գտնվում: Երբեւիցե չենք լսում Պապիկյանի ելույթները, կամ ինչ են անելու, որ իրավիճակը շտկեն…»:

Փաստենք, որ 2024 թվականը ՀՀ Զինված ուժերում սկսվեց զինծառայողների մահվան դեպքերով: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց Զինված ուժերում լրջագույն բարեփոխումների մասին: Նպատակը՝ վերացնել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները: 2024 թ.-ի հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց՝ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երեկոյան նախարարությունը հայտնեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։ Այս մահերին հաջորդեց Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականը՝ հետևողական աշխատել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ։

Արդեն հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հաջորդ օրը ձնահյուսի տակից հայտնաբերվեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031