Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում ընթանում է Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության աղմկահարույց գործի դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ գործը հարուցվել է 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ:
Այսօր տուժողի՝ ընտանիքի հայր Սեւակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Արամ Ղազարյանն ասաց, որ Մելիքսեթյանը գույքային պահանջներ չի ներկայացնում ամբաստանյալների՝ Վրույր եւ Արկադի Բարսեղյանների նկատմամբ:
Կարդացեք նաև
Դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց ապացույցների ցանկը՝ սկսած Վրույր Բարսեղյանի եւ Արկադի Բարսեղյանի հարաբերությունների մասին վկայող ցուցմունքներից, վկաների նկարագրություններից մինչեւ փորձագիտական եզրակացությունները:
Հետազոտվել է տան դռան մեխանիզմը ու պարզվել է, որ փականը հավանաբար բացվել է հարմարեցված բանալու կամ հարմարեցված առարկայի միջոցով, ոչ բանալիով:
Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից պարզվել է, որ առկա են «Աջարաբեթ» եւ «Toto gaming» կայքերի այցելությունների վերաբերյալ արձանագրություններ, որոնողական համակարգում իրականացվել են որոնումներ խաթարված ձեւերով կատարված տեսանյութերի՝ պոռնոգրաֆիկ կայքերից: Վրույր Բարսեղյանի հետ հեռախոսազանգեր են առկա, ինչպես նաեւ WhatsApp հավելվածի միջոցով զանգեր, որոնք հեռացված են եղել, բայց վերականգնվել են մասնագետների կողմից:
Զննությամբ նաեւ պարզվել է, որ Արկադի Բարսեղյանը զանգել է Հայկ Մելիքսեթյանին, որը Զարինեի ամուսնու՝ Սեւակ Մելիքսեթյանի հետ աշխատել է ՌԴ-ում՝ նրանից պարզելու, թե Սեւակի հետ երբ են պատրաստվում վերադառնալ ՀՀ, նոյեմբերի 7-ին՝ դեպքի նախորդող օրն էլ նա ճշտել է տեղեկություններ:
Առկա են նաեւ մի շարք այլ տեղեկություններ հեռախոսի զննությունից, լուսանկարներ են առկա, որոնք պիտի հետազոտվեն:
Վրույր Բարսեղյանի հեռախոսի զննությամբ նույնպես պարզվել է, որ նա էլ է որոնել պոռնոգրաֆիկ կայքերում տարբեր խաթարված ձեւերով տեսագրություններ՝ դեպքի նախորդող ժամանակահատվածում: Առկա են զանգեր թեթեւ վարք ունեցող կանանց, այցելություններ հանդիպումների կայքեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ