Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սմոկտունովսկին էլ «Սըր» չէր, հետո՞․․․

Հունվար 18,2024 13:53

1975 թվականի մարտի 4-ից Չարլզ Սպենսեր Չապլինը օրինական իրավունք ուներ իր սկզբնատառերին ավելացնել «Սըր» բառը։ Հենց այս օրը երկրի ամենահայտնի կինոգործիչներից մեկը՝ դերասան, կոմպոզիտոր, ռեժիսոր, սցենարիստ և այլն, թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից արժանացավ ասպետի կոչմանը: Նման կոչման են արժանացել Էնթոնի Հոփքինսը, Շոն Կոններին և էլի մի շարք թատերական և կինոգործիչներ։ Նույնիսկ ռուս դերասան Վասիլիյ Լիվանովն է արժանացել այդ կոչմանը՝ Շերլոք Հոլմսի կերպարը էկրանին մարմնավորելու համար։ Սա էլ նրանց «ժողովրդականի» կոչումն է։

Իմ պատկերացմամբ, Իննոկենտի Սմոկտունովսկին Շոն Կոններից լավ դերասան է։ Հիմա ընկնեմ, բա թե Լիզա տոտա 2-րդ, էդ ի՞նչ կոչումներ ես տվե՞լ։ Միխայիլ Ուլյանովը չի զիջում Հոփքինսին, իսկ Վիսոցկուն չես համեմատի Սըր Էլթոն Ջոնի հետ։ Նշածս գործիչներին բեմում եմ տեսել, և ոչ մի անգամ։

Մանկամիտ զառանցանքը, որ Մայքլ Ջեքսոնն ու Պավարոտտին վաստակավորի կոչում չունեն, արդեն երկար ժամանակ է՝ թևածում է հետսովետական տարածքում։ Պետք են, թե ոչ կոչումները արվեստի գործիչներին՝ արդարացիորեն քննարկման թեմա դարձել է շուտվանից։ Բայց այսքան անմակարդակ քննարկումներ․․․ նորից աննախադեպ են սրանք՝ արդեն բառը կպել է։

Դոստոևսկու գրողների միության անդամ չլինելը հրաշալի և լակոնիկ նկարագրված է Բուլգակովի մոտ։ Մնացած ետբուլգակովյան օրինակները արդեն ձանձրալի են, իսկ մեր «օրենսդիր» կոչվածների մոտ զզվելի։ «Բա մի բան էլ ես ասեմ»-ով սկսելով տխմար ելույթները, ախուրյանցիանոների ընտրյալները սկսում են նույն տհաս համեմատությունը իրենց իմացած երգիչների վրա։

Ես հասկանում եմ, որ սա հերթական սարքած պրովոկացիան էր ուշադրությունը ավելի կարևոր բաներից շեղելու համար։ Չհասկանալ, որ ասելով Աբովյան Խաչատուր կամ Խնկոյան Աթաբեկ՝ արդեն հեգնանքի տարր ես մտցնում դասականներին ներկայացնելիս՝ չեմ հավատում, լավ էլ գիտեք։ Ընդունված է սկզբում անունը ասել։ Եվ եթե ինչ որ գորշ արտաքինով կին հայտարարում է, որ ո՞վ գիտի Միրզոյան Փարավոնին, սա ես ընկալում եմ որպես պրովոկացիա։ Փարավոն Միրզոյանին շատերը գիտեն, աշխարհում գիտեն, դա դուք էլ լավ գիտեք, տիկին պրովոկատոր։Սա ինձ իրավունք է տալիս ձեզ պատասխանեմ նույն ոճով, բայց նման խղճուկ և գորշ արտաքինով կանանց ես չեմ վիրավորում՝ դա սկզբունք է։ Վերջիվերջո, ձեզ ուղարկել էին, դուք ի՞նչ մեղք ունենք։ Գյուղական նոտարիուսի օգնական աշխատելու փոխարեն՝ փոխնախարար եք, այն էլ արդարադատության՝ անարժան կոչման պես մի բան է, ինչը պետք է ծառայությամբ վճարել։

Էլի չէի անդրադառնա այս թեմային, բայց կա երկու պատճառ, որ ինձ ստիպում են։ Նախ` ծնողներիս հիշատակը։ Կոչումներ ու գրողների ու տարբեր միությունների անդամատոմսեր մեր տանը կային։ Դրանք երբեք չեն ֆետիշացվել, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ այդ թեմային և այդ մակարդակով անդրադառնան մի խումբ անհայրենիք ու անծագում «ընտրյալներ»։

Եվ երկրորդը, անասելիք ու անմակարդակ քննարկումն էր թե կողմ, թե դեմ ճամբարներից։ Փորձեցի հայկական մեդիայում գտնել ինչ որ մի գոհացնող մակարդակով դիսկուրս։ Չգտա։ Նույն ԱԺ-ական մակարդակի բացականչություններ՝ արա, պետք է, չէ պետք չի․․․ «Ամենահզոր» փաստարկը՝ բա դա սովետից է մնացել։ Է, հետո՞, ենթադրենք «սովետից է մնացել», դրանով ամեն ինչ ասվա՞ծ է։ Յուրի Գագարինն էլ է սովետից մնացել, ասենք՝ չի եղե՞լ։ Ընկել են ինչ որ Արմենչիկի ետևից, որին չգիտեմ։ Նայեցի, երգեր ունի մի քանի տասնյակ միլիոն դիտումներով։ Էլ ի՞նչ եք ուզում, առ քեզ ժողովրդականություն, ծերն էլ ծաղիկ։ Սա չի՞ ձեր ուզածը։

Բա դե թող ժողովուրդը գնահատի։ Ժողովուրդ կոչեցյալն էլ գնահատում է՝ միլիոնավոր դիտումներ կիսաբաց լուսամուտների, ռաբիզի արքաների հարյուր միլիոնավոր դիտումների և այս անմակարդակ ազգային ժողովի տեսքով։ Սա է մեզ հասած ժողովրդավարության նվերը, ինչը ես անվանում եմ էլեկտորալ կրետինիզմ։ Գնացել՝ ախուրյանցիանոների և կուրթանեցիմեխակների ձայները խաբելով հավաքել՝ եկել ինձ ու իմ նմաններին խելք են սովորեցնում։

Սովորաբար գիտության պրոբլեմների մասին եմ գրում, այդ իսկ պատճառով փորձեմ վերջում գիտական մոտեցում ցուցաբերել։ Գիտե՞ք ինչպես կարելի է բացատրել թուրքածին երաժշտության հանդեպ ունեցած սերը էվոլյուցիայի ու ֆիզիոլոգիայի տեսանկյունից։ Նախամարդիկ, երբ հաջող որսից հետո խարույկի մոտ հավաքված կուշտ ուտում էին, վերջում սկսում էին ինչ-որ տակտով դմփ-դմփ-հու անել։ Դա նախ ազդում էր մարսողության վրա, հետո էլ ոգեշնչում էր սեռական սխրանքների։ Այդպես ծագում էր երգարվեստը, երաժշտությունը և դառնում նրանց անբաժանելի մաս։ Եվ առ այսօր դրա արձագանքը մնացել է ֆիզիոլոգիայի մեջ՝ կան ինչ-որ մարդկային խմբեր, որ ամեն ինչ «լավ մարսում են» իրենց նախնիների երգարվեստի գոհարների հնչյունների տակ։ Դուք մեղավոր չեք, դա ձեր «արմատներն են»։ Եվ եթե չեք հասկանում, որ հայկո-մկոները հայ դասականների կողքին դերասան չեն՝ սուս մնացեք, թաքուն ռաբիզ լսեք ու վայելեք ձեր պարգեւավճարները։ Ոտի տակ եք ընկնում, որ ի՞նչ․․․

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

Լուսանկարը՝ Սասուն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031