ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել: Այս մասին ռուսական դիվանագիտության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
«Տեղին չէ համեմատել այդ երթուղիները», – նշել է Լավրովը ՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանի միջոցով։
Ըստ նրա՝ Հայաստանն է, որ այժմ դժվարություններ ունի իրականացնելու ճանապարհի բացումը Սյունիքի մարզով այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարությամբ․ «Հայաստանն է, որ նոր պահանջներ է առաջադրում։ Չեն ցանկանում, որ այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն, թեպետ դա ստորագրվել է վարչապետ Փաշինյանի կողմից։ Չեն ցանկանում, որ լինի սահմանային ու մաքսային չեզոք վերահսկողություն, այլ միայն իրենք։ Սա հակասում է արդեն իսկ կայացված համաձայնությանը»։
Կարդացեք նաև
Սերգեյ Լավրովը նաեւ ասել է․ «Նույնը սահմանազատման հարցում։ Ստորագրել են հայտարարություն, որ ստեղծվում է հանձնաժողով, որին մասնակցում է ՌԴ-ն՝ խորհրդատվական կարգավիճակով։ Մեզ չեն հրավիրում, իսկ Շառլ Միշելը հայտարարում է, որ դրանով կզբաղվի ԵՄ-ն, թեպետ ԵՄ-ն քարտեզներ չի կարող ունենալ, դրանք ՌԴ մոտ են»։ Ըստ նրա մեկնաբանության՝ «Շառլ Միշելը հայտարարել է, որ դելիմիտացիայով զբաղվելու է Եվրամիությունը: Ասում են` ձեզ ոչ մի ռուս պետք չէ, մենք քարտեզներ ունենք։ Մի փոքր տարօրինակ է թվում. հասուն մարդիկ են, բայց խաղ են խաղում` ո՞վ է ավելի կարևոր և ով կարող է լրացուցիչ միավորներ գրանցել միջազգային ասպարեզում»։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ «Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում, այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, և կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար, դա էլ է փաստ։ Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ»։