Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ավտոստրադաները նաեւ մոտակա տների գներն են քցում, ես քանի որ կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»

Հունվար 18,2024 13:08

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երեւանը շրջանցող ավտոճանապարհների կառուցման խնդրին, ասաց, որ ներդրումային կոմիտեի նիստում քննարկել են Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագիծը։ Փաշինյանն ասաց, որ Երեւանը բեռնաթափելու ծրագրերում ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա։

«Որեւէ նախագիծ իրագործելիս՝ մենք մի նպատակ չպետք է դնենք, հարակից նպատակներն երբեմն ավելի մեծ են եւ կարեւոր, հեռանկարային։ Քաղաքական ռիսկի պահ կա, բայց ոչինչ, չպետք է վախենանք։ Ասել ենք՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ պետք է ճանապարհային հանգույց ստեղծենք, պետք է գնանք ասենք՝ ժողովուրդ գնացինք ստեղծման ճանապարհով, տեխնիկատնտեսական հետազոտությունն ասեց՝ ավելի լավ է սա մի արեք, գնացեք Թբիլիսյան-Եղվարդ խճուղին արեք, Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ հատվածն արեք։ Կարծում եմ, որ սա գրագետ մոտեցում է, կարծում եմ, որ նույնիսկ քաղաքական ռիսկ էլ չկա, որովհետեւ մարդիկ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Փաշինյանը։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց․ «Նմանատիպ ճանապարհային հանգույցների կառուցումը, մասնավորապես Կրկեսի հանգույցի կառուցումը, «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակի հանգույցի կառուցումը մեր հետազոտությամբ ցույց են տալիս, որ բացի նրանից, որ տեւական ժամանակով այդ հանգուցները փակ ենք պահելու, շինարարություն ենք անելու, դրական արդյունք չի տալու։ Առաջարկվող լուծումներն այդ գեղեցիկ հրապարակների էական ձեւափոխման են բերելու։ Օրինակ՝ «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակն ամբողջությամբ դառնում է ավտոստրադա, որը քաղաքային միջավայրում սխալ է իրականացնել։ Շրջանցիկ ճանապարհների վրա ենք կենտրոնանում»։

«Համաձայն եմ, այդ ավտոստրադաները նաեւ մոտակա տների գներն են քցում, եւ ես քանի որ կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»,-այսպես արձագանքեց Ավինյանին Փաշինյանը՝ ծիծաղելով։

Փաշինյանը հիշեցրեց, որ «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ խորհրդային տարիներին կառուցած առեւտրի կենտրոն կա, որը չի աշխատում․ «Ենթադրում եմ, որ այդտեղ մեծ խնդիրն այն է, որ այդտեղ ավտոկանգառի տեղ չկա։ Դա հսկայական եւ գեղեցիկ տարածք է, որը այսօր քաղաքին ու տնտեսությանը չի ծառայում։ Կխնդրեմ մտածել, թե ինչպես կարելի է այնտեղ ավտոկայանատեղի լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող նախկին բնակարանը, որը վաճառվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031