«Հայաստանի իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միակ մտահոգությունը սեփական աթոռը եւ իշխանությունն ու լափամանը պահելն է։ Այս տերմինը ես հատուկ եմ օգտագործում, որովհետեւ իրենց տերմինն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ Վազգեն Մանուկյան դեռ տարիներ առաջ սիրուն ձեւակերպում էր տվել․ «Եթե Նիկոլ Փաշինյանից սեփական կալոշը ուզես՝ չի տա, պայքար կտանի մինչեւ վերջ, բայց եթե ուզես Հայաստանի ու Արցախի տարածքները՝ մեծ հաճույքով կտա՝ մեկ պայմանով, որ ինքը մնա այդ աթոռին։ Այդ վարքագիծն է»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հարցին՝ նա ասաց․ «Այն, որ որեւէ ընդդիմություն չի կարող արտահերթ ընտրությանը դեմ խոսել, դա փաստ է, դա քաղաքական նվազագույն կանոն է, բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները։ Մենք տեսել ենք, թե ինքը, անգամ նվազագույն լծակ ունենալով, ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է անցկացնում՝ թե համապետական, թե համայնքային։ Մենք տեսնում ենք, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված ընդդիմադիր կամ ոչ իշխանահաճո ուժերի նկատմամբ ինչ վարքագիծ է դրսեւորվում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ