Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի առաջարկները 180 աստիճանի հակառակ են, Արմեն Գրիգորյաններով ու Նիկոլ Փաշինյաններով մեզ այլ բան են հրամցնում»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 18,2024 12:54

«Այս բանակցային պրոցեսում իշխանության ամբողջ քաղաքականությունն ու ռազմավարությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։ Իշխանությունն ամեն օր, մեկ տարի հետեւողական մեկ բառ է փորձում տալ՝ խաղաղություն, խաղաղություն՝ դրա համար անվտանգային պաշտպանիչ բարձիկներ չստեղծելով երկրում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երբ ընդդիմադիր պատգամավորներով մի երկու ամիս առաջ հնարավորություն ունեցանք ծանոթանալ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին, հայկական, ադրբեջանական առաջարկություններին եւ առաջին անգամ ահազանգեցինք հանրությանը, քննարկում ու հանրային դիսկուրս սկսվեց, թե ընդհանրապես ինչի մասին է։ Երբեմն, երբ ես լսում եմ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինձ թվում է, որ երկու տարբեր թեմաների մասին է։ Այն, ինչ ես իմ գործընկերների հետ տեսել եմ թղթի վրա ձեւակերպված, Ադրբեջանի 180 աստիճանի հակառակ առաջարկները, մերոնց խուսանավելը, եւ մեկ էլ լսում ես այդ հուսավառությունը, որ ամիսներ շարունակ Արմեն Գրիգորյաններով, Նիկոլ Փաշինյաններով հրամցնում են, կարծես տարբեր թեմաների մասին է։ Հստակ է մեկ բան՝ 180 աստիճան տարբեր հարթությունների վրա է։ Եվ այսօր կատարվում է ամենատարօրինակը, զարմանալին եւ անթույլատրելին՝ սահմանագծում-սահմանազատում ասածը պետք է լինի փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումից հետո։ Բայց այսօր, երբ չկա համաձայնություն կարեւորագույն հարցերի շուրջ, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքները, զուգահեռ սահմանագծման-սահմանազատման աշխատանքներ են արվում։ Առաջիկա հանդիպմանը Մհեր Գրիգորյանի եւ ադրբեջանական պատվիրակության, արդեն ասում են՝ հիմքերն են փորձելու համաձայնեցնել, այն քարտեզները, որի շուրջ պետք է լինի, ուղղակի ձին հետ են դրել սայլից եւ սայլը առաջ են բերել։ Սահմանազատման-սահմանագծման համաձայնությունը պետք է գոյանա ընդհանուր համաձայնության մեջ։ Այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը զգոն չեն պահում։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, կեղծ հուսավառություն են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է՝ այն, ինչ հիմա քննարկվում, հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Եվ այն փաստաթուղթը, որը մոտ ապագայում դժվար թե ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է, խաղաղություն չի բերում Հայաստանի ժողովրդին եւ շատ ավելի վտանգավոր տարբեր շերտեր է առաջ բերում»,- ասաց Մանուկյանը։

Ըստ նրա՝ իրականում խաղաղության գործընթացն ի սկզբանե ձախողված էր, որովհետեւ խաղաղությունը արդարության հիման վրա կարող է ձեւավորվել։ Անարդար խաղաղությունը շատ կարճաժամկետ է եւ շատ ավելի վտանգավոր է։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գնալ անարդար խաղաղության։ «Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ունենալ խաղաղություն՝ արդարության հիման վրա, երբ հարգվեն ՀՀ սուվերեն շահերը, արցախահայության շահերը, ինչն այսօր սեղանի վրա չկա իրականում»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031