Լրահոս
Օրվա լրահոսը

Նորագյուղի հարակից տարածքում նոր թաղամաս կկառուցվի, Դալմայի այգիները՝ զբոսայգի, Հրազդանի կիրճը՝ ռեկրեացիոն գոտի․ գործադիրը շինարարական մեգանախագծեր է մշակում

Հունվար 18,2024 12:46

«Այս ճանապարհի կառուցումը շատ կարեւոր է մեկ այլ ավելի մեծ նախագծի տեսանկյունից, որը Նորագյուղի եւ հարակից տարածքներում նոր թաղամասի կառուցման նախագիծն է։ Դրա վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ու նախագծի նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում»,-այս մասին այսօր կառավարության նիստում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը վարկային ծրագրով կառուցելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

60,090,000 եվրոյի վարկով նախատեսվում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի թեւերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ եւ շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհային հանգույց:

Ծրագիրն իրականացնելու է Երեւանի քաղաքապետարանը։

«Այս ճանապարհի կառուցումը շատ կարեւոր է, որ իրականացնում ենք մենք՝ կառավարության աջակցությամբ։ Հետագայում հնարավորություն է ստեղծվում որոշակի նախնական ենթակառուցվածք ունենալու, որը ներդրողներին տալու է հնարավորություն Նորագյուղը դիտարկել որպես նոր ներդրումային հնարավորություն։ Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ՝ ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայման կներկայացնենք կառավարությանն ու հանրությանը»,-ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երկու այլ ծրագրերի անդրադարձավ, որոնց վերաբերյալ, ինչպես ասաց, հանձնարարականներ է տվել, մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է՝ հնարավորինս նվազագույն միջամտությամբ, մյուսը՝ Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է։

Ըստ Փաշինյանի՝ այս նախագիծն իրար հետ կապվելով՝ Երեւանի համար դառնում է բնապահպանական մեգանախագիծ, դա Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է․ «Ներդրումային կոմիտեի նիստում այս թեման քննարկել ենք։ Երեւանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձեւավորման համար չկորցնենք: Ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաեւ կից են Հրազդանի կիրճին եւ տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի Հրազդան գետի գետաբերանից, Երեւանյան լճի հատվածով մինչեւ Կորեայի ձոր։ Մենք պետք է Երեւանի բնապահպանական խնդիրներին մեծ ուշադրություն դարձնենք, որովհետեւ կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք ու դրանք պետք է լուծենք»։

Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ Դալմայի այգիների 250 հեկտար տարածքում այս պահին իրականացնում են տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը. «Մասնավորապես ներգրավել ենք ԱՄԷ-ի ամենախոշոր այգիներ նախագծող ընկերությանը, որը մեզ աջակցում է հենց այս փուլից։ Հետագայում հենց այն տրամաբանությամբ, որը դուք նշեցիք, մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ՝ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ այգի: Այդ ծավալի աշխատանքը մեկ շնչի հաշվով մեզ կանաչ տարածքների առումով միջազգային ճանաչված նվազագույն շեմից մի փոքր ավել է դարձնում, այսինքն՝ մեկ շնչի հաշվով Երեւանում 9 քմ կանաչ տարածքներ ենք ունենալու ծրագրի իրականացումից հետո»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ շատերն են սիրում լինել Հրազդանի կիրճում, ինքն էլ այնտեղ հաճախ է լինում․ «Հրազդանի կիրճը Երեւանի եւ Հայաստանի համար շատ մեծ հարստություն է։ Իհարկե, բնապահպանական տրամաբանությունն առաջնային է, բայց մենք ենթադրում ենք, որ այդ տրամաբանությունը գրագետ ձեւով ներդնելու պարագայում՝ զբոսաշրջության եւ տնտեսական ահռելի հոսքեր ենք ապահովելու, որովհետեւ շատ ունիկալ տարածք է, ունիկալ բնաշխարհ ու միկրոկլիմա: Շատ կարեւորում եմ, որ այս ծրագիրը որպես ռազմավարական արձանագրենք»։

Փաշինյանը մեկ այլ հարցի էլ անդրադարձավ, ասաց, որ ներդրումային կոմիտեի նիստում քննարկել են Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագիծը․ «Մենք ոչ պարտադիր հոսքեր մտցնում ենք Երեւան, հետո մտածում, թե Երեւանում այդ հոսքերն ինչպես կառավարենք։ Մինչդեռ, օրինակ, Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը, եւ ոչ միայն բեռնատարը՝ մտցնում ենք Երեւան քաղաք, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, հետո մտածում՝ բա էս բեռնատարին ոնց ուղեկցենք բարեհաջող Երեւանից հանենք, որ խցանումներ չլինեն։ Այս ընթացքում մենք մտածել ենք, հայտարարել ենք, որ Երեւանի տարբեր հատվածներում, տարբեր հանգույցներ ձեւավորենք։ Բայց երբ ավելի խորանում ենք, տեսնում ենք, որ այդ հանգույցները խնդիրը չեն լուծում, մանավանդ մեծացող հոսքի դեպքում»։

Փաշինյանի խոսքով՝ ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031