Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ը նվիրատվությամբ տրամադրվեց ՀՀ կառավարությանը

Հունվար 18,2024 11:38

«Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերից 12.5%-ը նվիրատվությամբ տրվում է ՀՀ կառավարությանը։ Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ 2023 թվականի փետրվարի 22-ին Երեւանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ նախատեսված է Ամուլսարի նախապատրաստական շինարարական եւ հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։

«Լիդիան Արմենիան» պարտավորվել է 250 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, շինարարության ընթացքում պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկերից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի համար մասհանումներից բացի՝ տրամադրել 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հայտնեց, որ հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմսերն՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու եւ առանց որեւէ պարտավորության։

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5%  տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, եւ դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

«Վերջին հինգ տարիներին անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ, կառավարությունը հետեւողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետեւից գնալու, հարցերին պատասխանելու առումով։ Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Ողջունելի է, որ ներդրողներն իրենք մի օրինակի հետեւելով՝ ցանկացել են, որ կառավարությունը, այսինքն` ՀՀ ժողովուրդն ի դեմս կառավարության՝ մասնակցություն ունենա եւ բաժնեմաս ունենա նախագծում։ Բացի օրենսդրությամբ սահմանված վճարներից, ամեն տարի ազդակիր համայնքների բյուջեին կվճարվի 7 միլիոն դոլար։ Ազդակիր համայնքներն են՝ Ջերմուկ, Սիսիան խոշորացված համայնքը, Վայքը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031