Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը կարող է ունենալ պատերազմի օրակարգ, բայց մերը խաղաղության օրակարգն է»․ ՔՊ-ական պատգամավորներ

Հունվար 18,2024 11:30

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է իրատեսական խաղաղության օրակարգը, որի մասին իշխանություններն են խոսում։

«Խաղաղության գործընթացը առաջին օրվանից էլ բարդ խնդիրների է հանդիպում՝ թե Հայաստանից դուրս, թե նաեւ Հայաստանի ներսում։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է, մենք այս օրակարգով շարժվելու ենք առաջ։ Մենք ամենասկզբում էլ հստակ հասկացել ենք եւ մեր ժողովրդին էլ հստակ փոխանցել ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ։ Մենք հանդիպում ենք այդ խոչընդոտներին հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Եվ մենք էլ կիսում ենք վարչապետի այն մոտեցումը եւ հույսը, որ սա, ըստ էության, փորձ չէ փակուղի տանել խաղաղության օրակարգը։ Բայց անգամ եթե սա փորձ է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որեւէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր քաղաքականությունից, օրակարգից։ Մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, որը մենք մեր միջազգային գործընկերների հետ փորձում ենք առաջ տանել։ Խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, եւ մենք շարժվում ենք այս ճանապարհով»,- ասաց նա։

Հարցին, թե իսկ Ալիեւը չունի՞ պատերազմի օրակարգ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ձեր հարցին հստակ պատասխանել»։

Արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ «Ես կարծում եմ՝ շատ անշնորհակալ գործ է Ալիեւի օրակարգերը մեկնաբանելը։ Ալիեւը կարող ունենալ պատերազմի օրակարգ, կարող է ունենալ նախընտրական շրջանում աքլորանալու օրակարգ, այսինքն՝ ցանկացած օրակարգ կարող է ունենալ։ Այստեղ կարեւոր է, թե մեզ ինչն է հետաքրքրում այս ամբողջ գործընթացում, որն է ՀՀ օրակարգը եւ որն է ՀՀ շահը։ Հիմա ՀՀ շահից կոնկրետ պատմության այս շրջափուլում ի՞նչն է բխում, մեր խորին համոզմամբ՝ բխում է խաղաղությունը։ Եվ դրա համար մենք խաղաղության օրակարգն ենք առաջ բերել»։

Հարցին, թե այսինքն՝ իրենք ձախողված չեն համարո՞ւմ խաղաղության օրակարգը, Ջուլհակյանը պատասխանեց․ «Մենք ոչ միայն առայժմ, այլ նաեւ չեմ կարծում, որ որեւէ փուլում այդ օրակարգը մենք պետք է համարենք ձախողված։ Մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր ջանքերը ոչ միայն մեր հարեւանի, այլ նաեւ մեր միջազգային գործընկերների հետ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031