Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել դիաբետի բարդություններից

Հունվար 18,2024 09:30

Շաքարային դիաբետն ամենևին էլ դատավճիռ չէ, սակայն այդ հիվանդությունը գրագետ մոտեցում և մշտական վերահսկողություն է պահանջում։  Դիաբետի բարդությունները կանխարգելելու համար խորհուրդ է տրվում՝

Խուսափել «վատ» ածխաջրերից

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ամենևին էլ չպետք է հրաժարվեն ածխաջրերից, սակայն ճիշտ կլինի նախապատվությունը տալ, այսպես կոչված, բարդ ածխաջրերին, որոնք ավելի դանդաղ են ճեղքվում օրգանիզմում՝ ավելի երկար ժամանակահատվածի համար էներգիա ապահովելով։ Բարդ ածխաջրեր են պարունակում ամբողջահատիկավորները, ընդեղենը, թարմ բանջարեղենն ու մրգերը։ Այո, դիաբետ ունեցող մարդիկ կարող են անգամ մրգեր ուտել, որոնք սովորաբար քաղցր են լինում, պարզապես դրանց քանակի ու նախընտրելի տեսակների շուրջ պետք է զրուցել բժշկի հետ, որը խորհուրդ կտա հենց տվյալ հիվանդի համար ընդունելի տարբերակներ։

Ազատվել ավելորդ քաշից

Ընդ որում, կարելի է սկսել քչից։ Եթե դիաբետ ունեցող մարդն ունի ավելորդ քաշ, ապա անգամ մի քանի կիլոգրամից ազատվելը կարող է բարելավել օրգանիզմի՝ ինսուլինն օգտագործելու կարողությունը։ Դա կնպաստի արյան մեջ շաքարի, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը, զարկերակային ճնշման կարգավորմանը։ Ինչի՞ց սկսել՝ նախևառաջ փորձեք սննդակարգից հանել շաքարը, վնասակար ճարպերն ու ավելորդ կալորիաները։

Կարգավորել քունը

Չափից ավելի քնելը կամ անքնությունը կարող է մեծացնել ախորժակը, ածխաջրերով հարուստ սնունդ օգտագործելու ցանկությունը։ Դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, մեծացնել սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։ 7-9 ժամը քնի օպտիմալ տևողություն է համարվում մեծահասակների համար։
Միջոցներ ձեռնարկեք, եթե ունեք քնի ապնոե, դա կօգնի ոչ միայն բարելավել քնի որակը, այլև կնպաստի արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը։

Լինել ակտիվ

Ֆիզիկական վարժությունները նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի նվազեցմանը, իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, նվազեցնում են սթրեսը։ Ընտրեք ֆիզիկական ակտիվության ձեր նախընտրելի տարբերակը՝ պար, քայլք, հեծանիվ վարել կամ մարմնամարզություն։

Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի ամենօրյա վերահսկումը կարևոր դեր ունի շաքարային դիաբետի բարդություններից խուսափելու հարցում։ Դա նաև անհրաժեշտ է պարզելու համար, թե որքանով է արդյունավետ բուժման պլանը, ինչպես են ազդում այս կամ այն մթերքներն օրգանիզմի վրա։ Գլյուկոզի թույլատրելի մակարդակի որոշումն ու այդ սահմանների պահպանումը կօգնի արդյունավետորեն վերահսկել հիվանդությունն ու պահպանել լավ ինքնազգացողությունը։

Կառավարել սթրեսը

Սթրեսը ևս կարող է նպաստել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը։ Հատկապես 2-րդ տիպի դիաբետի դեպքում կարող են արդյունավետ լինել ռելաքսացիայի տարատեսակ մեթոդները, օրինակ՝ յոգան, շնչառական վարժությունները և այլն։

Նվազեցնել աղի օգտագործումը

Աղի սահմանափակումը կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումն ու պաշտպանել երիկամները։ Դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2300 մգ-ից քիչ աղ:

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:

Նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

Դիաբետի լուրջ բարդություններից են սրտի հիվանդությունները։ Ուստի խորհորդ է տրվում մշտապես ուշադրության կենտրոնում պահել հետևյալ ցուցանիշները՝ արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին 2-3 ամսվա ընթացքում, զարկերակային ճնշումը՝ ձգտելով հասնել 140/80-ից ցածր և կայուն ցուցանիշի, խոլեսթերինի մակարդակը։

Ուշադիր լինել վերքերի, վնասվածքների նկատմամբ

Դիաբետը մեծացնում է վարակվելու հավանականությունն ու դանդաղեցնում է ապաքինումը, ուստի խորհուրդ է տրվում բուժել անգամ թեթև վնասվածքներն ու քերծվածքները՝ վերքը մանրամասն ախտահանելով, հակաբակտերիալ քսուկով մշակելով ու ստերիլ վիրակապով փակելով։ Դիմեք բժշկին, եթե մի քանի օր անց վերքի վիճակը չի բարելավվում։ Ուշադիր եղեք ոտքերի մաշկին, մասնավորապես կրունկներին՝ մշտապես խոնավացնելով դրանք՝ ճաքերի առաջացումից խուսափելու համար։

Խուսափել ծխախոտի ազդեցությունից

Դիաբետ ունեցող մարդիկ, որոնք ծխում են, երկու անգամ ավելի շատ են ենթարկվում վաղաժամ մահվան վտանգին։ Ծխելուց հրաժարվելը, մասնավորապես, նպաստավոր է անդրադառնում սրտի ու թոքերի առողջության վրա, նվազեցնում է զարկերակային ճնշումն ու կաթվածի, նյարդերի վնասվածքների, երիկամների հիվանդությունների զարգացման վտանգը։

Ընտրել սննդանյութերի տեսանկյունից արժեքավոր մթերքներ

Դիաբետի համար միասնական սննդակարգ գոյություն չունի, սակայն կարևոր է սննդանյութերի տեսանկյունից արժեքավոր մթերքների օգտագործումը, ինչպիսիք են հատապտուղները, օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձկնեղենը, կանաչ տերևավոր բանջարեղենը, ձիթայուղը և այլն։

Չմոռանալ բժշկին այցելելու մասին

Ներզատաբանին խորհուրդ է տրվում այցելել տարեկան 2-4 անգամ, ըստ անհրաժեշտության նաև ավելի հաճախ, տարեկան մեկ անգամ անցնել աչքերի զննություն և այլ կանխարգելիչ հետազոտություններ՝ կանխարգելելու համար աչքերի, նյարդերի ու երիկամների վնասվածքներն ու այլ բարդություններ։ Տարեկան 2 անգամ այցելեք ատամնաբույժին։ Ինչպես նաև բոլոր այցերի ու հետազոտությունների ժամանակ նախապես հայտնեք բուժաշխատողներին, որ դիաբետ ունեք։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031