Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի 19-ամյա երաժիշտը հանդես կգա Նյու Յորքի Carnegie Hall-ում

Հունվար 18,2024 13:00

Ըստ Գրիգ Բալասանյանի, սա հնարավորություն է եւս մեկ անգամ հնչեցնելու Հայաստանի անունը նման հեղինակավոր հարթակից

19-ամյա Գրիգ Բալասանյանն այս տարվա մարտ ամսին համերգով հանդես կգա Նյու Յորքի Carnegie Hall-ում՝ «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակներում, այսպիսով դառնալով հայազգի ամենաերիտասարդ կոմպոզիտորը, որը կներկայացվի այս հեղինակավոր համերգասրահում: «Carnegie Hall-ում հանդես գալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար, հատկապես որ հանդես եմ գալու «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ ներկայացնելով իմ ստեղծագործությունները, որոնք պատմում են իմ արմատների մասին։ Սա հնարավորություն է նման միջազգային հարթակից եւս մեկ անգամ հնչեցնելու Հայաստանի անունը։ Նշեմ, որ իմ ընդհանուր ստեղծագործական ցանկը ներառում է լարային քառյակներ, դաշնամուրի կոնցերտ, ֆլեյտայի կոնցերտ, երկու բալետ, օպերա, սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններ, ինչպես նաեւ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի երաժշտություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Գրիգը։

Նա երաժշտությամբ զբաղվում է չորս տարեկանից, հաճախել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Նաիրա Գյուրջինյանի երաժշտական ստուդիան։ «Ստեղծագործում եմ ութ տարեկանից։ Ստեղծագործական առաջին երեք տարիների ընթացքում թողարկել եմ երկու ձայնասկավառակ՝ «Մեղեդի» եւ «Ալիսը Հրաշքների Աշխարհում»։

2019թ.-ին «Ալիսը Հրաշքների Աշխարհում» երաժշտության հիման վրա, որը գրել եմ տասը տարեկանում, բեմադրվել է պարային ներկայացում Ռուսական դրամատիկական թատրոնում (ռեժիսոր՝ Գառնիկ Մակարյան, գեղարվեստական ղեկավար՝ Էլեն Գրիգորյան)։

14-15 տարեկանում գրել եմ իմ առաջին բալետը՝ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ Ոզնին» գրքի հիման վրա, որը Հայկական երաժշտության պատմության մեջ առաջին բալետն է՝ նախատեսված ամենափոքր հանդիսատեսի համար։ Այն ձայնագրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2021թ. հոկտեմբերին՝ պարարվեստի պետական քոլեջում, իսկ  բեմադրության հեղինակը Երեւանի պարարվեստի պետական քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն էր»,-ասում է մեր զրուցակիցը:  Ու շարունակում է ներկայացնել՝ բարձունքներ նվաճելու իր երազած ճանապարհը. «Ավարտել եմ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը՝ սովորելով Մարինա Վարդանյանի եւ կոմպոզիտոր Դավիդ Գյոդակյանի մոտ։ Այժմ սովորում եմ Բոստոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ամերիկայի լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Մարթի Էփստայնի մոտ: Ի դեպ,  2023թ.-ին տեղի ունեցավ իմ առաջին օպերայի պրեմիերան Բոստոն քաղաքում՝ Horizon նվագախմբի մեկնաբանությամբ։ Օպերան  3 պատերազմների միջով անցած Արցախյան մի ընտանիքի պատմություն է։ Բոստոնում կատարվել են նաեւ իմ մի շարք կամերային ստեղծագործություններ՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին։ Իմ երաժշտական գործունեությամբ ես փորձում եմ ամերիկյան  հանդիսատեսին ծանոթացնել հայկական մշակույթի, պատմության, ներկայի եւ անցյալի հետ»։

Գրիգ Բալասանյանը նշում է, որ ներկայումս աշխատում է մի քանի կամերային ստեղծագործությունների վրա, որոնք կկատարվեն փետրվարից-մայիս ամիսների ընթացքում՝ տարբեր համերգների ու փառատոների շրջանակներում։ Նրա ձեւակերպմամբ, իր հաջողության գրավականներն  աշխատասիրությունն ու կարգապահությունն են, նաեւ սերը մասնագիտության հանդեպ: «Առհասարակ, ցանկացած բան, որ սիրով ես անում, միշտ հաջողվում է, իսկ ես սիրում եմ երաժշտությունը եւ ապրում եմ դրանով։ Բնականաբար, այս պարագայում, մարդ պետք է լինի հաջողակ, սակայն շատ կարեւոր է կյանքի բերումով ճիշտ ժամանակին ճիշտ վայրում գտնվելը։ Որպես օրինակ ներկայացնեմ իմ առաջին բալետի ստեղծման պատմությունը։ 14 տարեկան էի, երբ Թումոյի դասընթացից երեկոյան քայլում էի տուն, երբ Դեմիրճյան փողոցում նկատեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Մի ներքին ձայն ինձ հուշեց, որ պետք է պարտադիր մոտենամ պարոն Սարգսյանին եւ ծանոթանամ։ Երբ մոտեցա, ինձ ներկայացրի որպես փոքրիկ կոմպոզիտոր՝ չնայած 180 սմ հասակիս։ Մինչեւ հիմա ժպիտով եմ հիշում, թե ինչպես պարոն Սարգսյանը ինձ լուրջ հայացքով ոտքից-գլուխ չափեց եւ իրեն հատուկ հումորով հարցրեց՝ փոքրի՞կ։ Փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որից հետո փոխանցեցի իմ երկու ձայնասկավառակները։ Մեկ ամիս անց հանդիպման հրավեր ստացա տիկին Նունե Սարգսյանից, ով ինձ նվիրեց իր հեղինակած մանկական հեքիաթները եւ առաջարկեց որեւէ գրքի հիման վրա գրել բալետ կամ օպերա։ Այդ տարիքում այդպիսի անհավատալի եւ բարդ աշխատանքը անհնար էր թվում, սակայն համառ աշխատանքիս, ուսուցչիս՝ Դավիթ Գյոդակյանի ու ընտանիքիս հավատը՝ իմ ուժերի հանդեպ ինձ շատ օգնեցին: Մեկ տարի անց բալետը ձայնագրվեց։ Վերադառնալով հաջողության գրավականներին, նշեմ, որ չնայած աշխատասիրության, սիրո, եւ կարգապահության առկայությանը, որեւէ մարդ միայնակ հաջողության չի կարող հասնել։ Պայմանական Ա կետից Բ կետ հասնելու համար, պարտադիր պայման է ճանապարհին հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք  անտարբեր չեն մնում, հնարավորություն են տալիս ոլորտում զարգանալու, հավատում են քո ուժերին եւ կիսում են քո հաջողությունների ուրախությունները»:

Գրիգ Բալասանյանն ասում է, որ երազում է մի օր հայկական ֆիլմի համար երաժշտություն գրել, որը կարժանանա Օսկարի։ «Նաեւ երազում եմ, որ մի օր արվեստի գործիչներն այլեւս անտեսված չլինեն Հայաստանում, քանի որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նրանք չեն ստանում այն ուշադրույթունը, որին արժանի են: Եվ դա այն դեպքում, երբ արվեստը հասարակությանը կրթելու հիմնասյուներից մեկն է»,-ընդգծում է նա։

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանի հետ կապված ծրագրերին: «Ես քաջ գիտակցում եմ, որ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք արտասահմանում սովորելու հնարավորություն չունեն։ Ցանկանում եմ ստեղծել մի հարթակ, որի շրջանակներում կկարողանամ լավագույն մասնագետներին բերել Հայաստան՝ երիտասարդների համար դասընթացներ եւ սեմինարներ անցկացնելու նպատակով։ Այդ հարթակը թերեւս կարող է ծառայել որպես միջավայր, որտեղ տաղանդավոր հայ երիտասարդ ռեժիսորները եւ երաժիշտները միմյանց գտնելով, համադրելով դրսի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, փորձը եւ գիտելիքները՝ նոր կյանք կտան հայկական ժամանակակից կինոյին, թատրոնին, կստեղծեն եւ կբեմադրեն նոր օպերաներ, պիեսներ, բալետներ, որոնք վստահաբար կարող են նաեւ արտահանվել՝ ներկայացնելով Հայաստանը»,-համոզված է կոմպոզիտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գրիգ Բալասանյանը:

«Առավոտ» օրաթերթ
17.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031