Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջոն Հոդյանը իր ստեղծագործություններով կյանքի է կոչում անցյալի երաժշտությունն ու պոեզիան»

Հունվար 18,2024 12:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեֆերենտ Մարիաննա Պողոսյանի հետ

– Սիրելի Մարիաննա, բալետի պարուհու կարիերան ավարտելուց հետո, վերջերս օպերային թատրոնում ստանձնեցիք ռեֆերենտի գործառույթը, ինչի առիթով շնորհավորում ենք։

15-ամյա «Նաղաշ» անսամբլը միավորում է հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը, ժամանակակից դասական երաժշտությունը եւ ջազի ու ռոքի էներգիան։ Այս ինքնատիպ անսամբլը՝ Ջոն Հոդյանի ղեկավարությամբ, իր արվեստով հիացրել է նաեւ եվրոպացի ու ամերիկացի հանդիսատեսին։ Մեր տեղեկություններով՝ դուք մաեստրո Հոդյանի մտերիմներից եք, նրան ճանաչում եք Ամերիկայից, մինչ Հայաստանում «Նաղաշի» հիմնումը։ Հավանաբար գիտեք, թե ինչպես մաեստրոյի մոտ հղացավ հայրենիքում անսամբլ ստեղծելու գաղափարը։ Ասում են նաեւ, թե մաեստրոյի ոչ միայն ստեղծագործական, այլեւ ընտանիքի պատմությունը կարող է ֆիլմի սցենար դառնալ։ Կխնդրեինք համառոտ ներկայացնել դրանք։

– 2008 թվականն էր, ուսանում էի Նյու Յորքի Utica College-ում, երբ պատահաբար հանդիպեցի Հայաստանում 2004թ. հիմնադրված «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանին։ Նրա հետ հյուրընկալվեցի Ջոնի տանը։ Հենց այդ օրվանից սկսվեց մեր բարեկամությունը։ Ի դեպ, Նարեկն էլ էր ժամանակին պատահաբար Նյուր Յորքում հանդիպել Ջոնի հետ։ Իսկ Ջոնը զտարյուն հայ է, պրոֆեսիոնալ երաժիշտ, ով սկսել է ռոք երաժշտությամբ ու ջազով, հետո արդեն աստիճանաբար հեռացել այդ ժանրերից՝ լրջորեն զբաղվելով հնագույն ժողովուրդների՝ ասորիների, հրեաների, պարսիկների, հնդիկների եւ, իհարկե, հայերի մշակույթով։ Արդեն երկար տարիներ է նա ուսումնասիրում է այդ ժողովուրդների մշակութային ժառանգությունը եւ իր ստեղծագործություններով կյանքի կոչում, ուղիղ ասած՝ անցյալի երաժշտությունն ու պոեզիան։ Ջոնի ընտանիքի պատմությունը նման է հազարավոր հայ ընտանիքների պատմությանը։ Նրա պապն ու տատը իրենց ողջ մնացած ազգականների հետ փրկվել են թուրքական յաթաղանից, հայտնվել Ամերիկայում, որտեղ էլ ծանոթացել ու ընտանիք են կազմել։ Հետո ծնողները կարողացել են ոտքի կանգնել, փոքր բիզնես հիմնել, որդուն բարձրակարգ կրթության տալ։ Ջոնը մանկուց է սկսել հետաքրքրվել երաժշտությամբ։ Հիշում է, որ հայրն ուներ հայկական երաժշտության ձայնասկավառակների հսկայական հավաքածու, որն էլ առաջին լուրջ ծանոթությունն էր երաժշտության հետ ընդհանրապես։ Երաժշտական կրթությունը նրան հնարավորություն է տվել ընդգրկվել ջազ խմբում, որտեղ հանդիպել է հրաշք մի աղջկա՝ Բեթ Ուիլյամսին, ով նույնպես նվագում էր ու երգում։ Թվում էր, թե նրանց կյանքում ամեն ինչ կանխորոշված էր, բայց ժամանակի ընթացքում Ջոնի եւ Բեթի մոտ նոր հետաքրքրություն է առաջանում հնագույն ժողովուրդների ու նրանց մշակույթների հանդեպ։ Ի դեպ, նրա որդին՝ Ջեքը, նույնպես երաժիշտ է… Ջոնը շատ է սիրում ճամփորդել, հայրենիք առաջին անգամ այցելել է 2005թ։ Անսամբլ ստեղծելու գաղափարը ծնվել է հենց այդ այցի ընթացքում, երբ Գառնիի տաճարում հայ հոգեւոր երաժշտություն է լսել երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ։ Ջոնն ասում է, որ թեեւ հստակ պատկերացնում էր, թե ինչ երաժշտություն պետք է գրի Հասմիկի ձայնի համար, բայց մի քանի տարի է պահանջվել համապատասխան տեքստեր գտնելու համար։ Որոնումները նրան տարել են Երեւանի, Նյու Յորքի, Բեռլինի գրադարաններ։ Ի վերջո նրա ձեռքն են ընկնում հայ միջնադարյան տաղերգու եւ հոգեւորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծություններից, հետոն արդեն պարզ է… 2009-ին Ջոնը հիմնում է «Նաղաշը», որի կազմում են սոպրանոներ Հասմիկ Բաղդասարյանը, Տաթեւիկ Մովսեսյանը, Արփինե Տեր-Պետրոսյանը, դուդուկահարներ Հարություն Չքոյանը, Տիգրան Հովհաննիսյանը։ Կարճ ժամանակ անց սկսվում է «Նաղաշի» համերգային գործունեությունը։ Նշեմ, որ անսամբլը բեմ է բարձրացել հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ «Քարնեգի հոլլում»։

– Չե՞ք կարծում, որ դժվար է դասակարգել, թե որ ժանրում է ստեղծագործում մաեստրո Հոդյանը։

– Ջոնն էլ է դժվարանում որոշել իր ստեղծած երաժշտության ժանրը՝ ֆո՞լք, թե՞ դասական, էթնի՞կ, թե՞ կոսմոպոլիտ… Ըստ Ջոնի՝ իր երաժշտությունը կարող է լինել մի մարդու հետ, ով մանկուց միշտ հայկական երաժշտություն է լսել, ուսումնասիրել եվրոպական դասական երաժշտություն, մեծացել որպես ջազ իմպրովիզատոր եւ ինչպես ցանկացած ժամանակակից մարդ, շրջապատված է փոփ եւ ռոք երաժշտությամբ։ Մի բան փաստ է. Ջոնի երաժշտությունը կարող է աուդիտել նրա նախկին երաժշտական հոբբիները՝ ջազ, ռոք, ժամանակակից ամերիկյան երաժշտություն։ Եվ չնայած նրա զտարյուն հայ լինելուն, մանկության տարիների հիշողությանը, հայկական բանահյուսության եւ հոգեւոր երաժշտության հետ լուրջ աշխատանքին, ամերիկյան ու եվրոպական մշակույթների ազդեցությունը, այնուամենայնիվ, «տեսանելի» է նրա գործերում։

– «Նաղաշ» անսամբլն ունի թողարկած CD-ներ…

– Իհարկե, դրանցում բացառապես Հոդյանի ստեղծագործություններն են։ Կուզեի անդրադառնալ օպերային թատրոնում կայացած համերգին եւ ասել, որ ողջ համերգը ձայնագրվել է ու շուտով կհայտնվի համացանցում։ Կուզեի նշել նաեւ համերգից հետո մեր անվանի երաժիշտների, այդ թվում՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, խմբավար, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի բուռն արձագանքի մասին…

– Ժամանակին մեզ հետ զրույցում Տիգրան Մանսուրյանը «Նաղաշ» անսամբլի արվեստի մասին շատ կարճ, բայց բնորոշ արտահայտություն է արել. «Հին Հայաստանի հնչյունները վերաիմաստավորվել են 21-րդ դարի համար»։

Լսել ենք նաեւ, որ մտադրություն կա Ջոն Հոդյանի ստեղծագործություններից մեկ-երկուսին բեմական կյանք տալ՝ ներկայացումների ձեւաչափով։

– Չգիտեմ՝ ես այդ իրավունքն այս պահին ունե՞մ, թե՞ ոչ, բայց հանդիսանալով Ջոնի արվեստի ֆանատներից մեկը, չեմ կարող չհայտնել, որ մաեստրո Կարեն Դուրգարյանը նման միտք տվել է Ջոնին, թեեւ չեմ կարող չբարձրաձայնել նաեւ, որ Ջոնն այդպիսի տեսլականով է գրել «Երգեր իմաստությանը»։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031