Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆոսֆորային» դիկտատորի ռուսական «օմբուդսմենությունը»

Հունվար 18,2024 12:00

МГИМО-ի բարբարոս, «ֆոսֆորային» դիկտատոր Ալիեւին «օմբուդսմենություն» անելու հարցում ռուսական իշխանական վերնախավը նորանոր բարձունքներ է գրավում

Արձագանքելով Ալիեւի պնդումներին, թե Հայաստանը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս այսպես հակադարձեց՝ այդ եռակողմ հայտարարության կողմերից երկուսը, փաստաթղթի ստորագրման պահից սկսած մինչեւ 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրենց գործողություններով ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն այլեւս գոյություն չունի։

«Այն գործողությունները, որ ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Չի կարող այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլեւս չկա, երրորդ կողմի համար էդ փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ։ Եվ հետո Ադրբեջանից ինչ են ասում, ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եւ որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ էդ երկուսից ոչ մեկը չկա գրած։ Ոչ մի տեղ գրած չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որեւէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում՝ Ադրբեջանն արդեն երեք տարի «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգեւ», – նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ու Բաքուն միահամուռ կերպով պատերազմի ավարտից հետո, հարաբերական խաղաղության պայմաններում, հայկական կողմի վրա են բարդում բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերը: Այդ մեղադրանքները գնալով աբսուրդային են դառնում: Ահա դրանցից ամենաթարմը…

Մոսկվան անցյալ շաբաթ հերթական անգամ պնդեց՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին՝ ռուսական կողմը, ոչ ավել, ոչ պակաս, փաստեր պահանջեց: Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպեսզի փաստեր ներկայացվեն։ Եթե կա որեւէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպություններից, որոնց Երեւանում հեղինակավոր են համարում՝ օրինակ ՄԱԿ կամ այլ կազմակերպություն։ Եթե կա թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք մեզ հղումներ տրամադրեք»։

Այսինքն, փաստը, որ արցախցիները ռուս խաղաղապահների աչքի առաջ Բաքվի «հատուկ օպերացիայի» արդյունքում հարձակման ենթարկվեցին, ամիսներ շարունակ շրջափակման մեջ էին, սովահարության էին մատնված, այնուհետեւ լքեցին Արցախը եւ այսօր Արցախում հայ չի մնացել` սրանք պաշտոնական Մոսկվայի համար բավարար «փաստեր» չեն:

Իրականում զարմանալի ոչինչ չկա Մոսկվայի հրապարակային ցինիկ այս գնահատականների մեջ: Արցախում խաղաղ բնակիչներ էին սպանվում, նույնիսկ ռուս խաղաղապահներ են սպանվել ադրբեջանա-թուրքական ստորաբաժանումների հատուկ գործողությունների արդյունքում, եթե պաշտոնական Մոսկվան այս փաստերի առիթով էր ամոթալի լռություն պահպանում, դժվար է պատկերացնել, որ Արցախի հայաթափումը Մոսկվայում կարող էին ակնառու փաստ համարել:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի հարձակման հետեւանքով, ըստ հայկական կողմի, Արցախը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։ Սակայն МГИМО-ի բարբարոս, «ֆոսֆորային» դիկտատոր Ալիեւին «օմբուդսմենություն» անելու հարցում ռուսական իշխանական վերնախավն, ինչպես երեւում է, նորանոր բարձունքներ է դեռ գրավելու:

Ինչպես միշտ` Մոսկվան շարունակում է ապակառուցողական որակել ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող մեղադրանքները: «Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, մենք դրանք համարում ենք ապակառուցողական, ամենակարեւորը՝ իրականությանը չհամապատասխանող»,- ասել է Զախարովան` հավելելով, թե Հայաստանի նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են», որի նպատակը «պատասխանատվությունից խուսափելն է»։ Նա չհստակեցրեց, թե ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող որ մեղադրանքներն են «կեղծ»։

Բաքուն ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնապես, այդ երկրի պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարեց, որ ադրբեջանական բանակը «շարունակելու է վերափոխվել թուրքական մոդելով» եւ որ «ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերում կիրառվող մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվելու են», ՌԴ ԱԳՆ-ին սույն փաստը բոլորովին էլ չի անհանգստացրել: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածությունը Ադրբեջանում Մոսկվային չի հուզում, նրանք այս հարցում համարձակություն էլ չունեն արտահայտվելու: Փոխարենը ՌԴ ԱԳՆ-ն լծված է Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ շփումների մոնիտորինգով եւ դրանց վերաբերյալ հայտարարությունների ու մեկնաբանությունների ակտիվ տիրաժավորմամբ:

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, Մոսկվայի ու Բաքվի պաշտոնական հայտարարություններն, արդեն, կարծես նույն «կանտորաներում» մշակված լինեն:

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պատասխանել էր Հայաստանի ԱԳՆ-ի հրապարակմանը, որով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն արձանագրել էր. «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման եւ էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, անդամահատվեցին եւ անհետացան, կես միլիոնը փախստական դարձավ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին եւ շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը եւ իրավունքի հարգման անհրաժեշտությունը»: Ահա, ադրբեջանցի պաշտոնյայի պատասխանը. «Ադրբեջանին տեղահանությունների եւ էթնիկ զտումների մեջ մեղադրելը աբսուրդ է»։

Այսինքն, երեք տասնամյակ առաջ կամ 3-4 տարվա վաղեմության փաստերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները, ցավալիորեն, նույնն են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031