Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Տեր-Սահակյանը նիստի օրը ատամների իմպլանտացիայի վիրահատության էր

Հունվար 18,2024 13:30

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատման դիմումի քննությանը լրատվամիջոցներն անդրադարձան անցյալ տարեվերջին՝ 2023 թ. դեկտեմբերի 22-ին: Այդ գործով նույնաբովանդակ դիմում էր գրել նաեւ նույն գործով ցմահ ազատազրկման դատապարտված Ալիկ Գրիգորյանը:

Ըստ լրատվամիջոցների, Արմեն Տեր-Սահակյանը, սակայն, հրաժարվել էր իր դիմումից, խնդրելով այն թողնել առանց քննության: Դատապարտյալի եղբայրը՝ Սահակ Տեր-Սահակյանը, երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ եղբայրը չի հրաժարվել իր պայքարից, բողոքներից, նա 25 եւ ավելի տարիներ գտնվում է անազատության մեջ (եթե ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվելն էլ հաշվենք՝ մոտ 29 տարի): Պարզապես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան (Աջափնյակի նստավայր, դատավոր՝ Մ. Արզումանյան) Արմենը չի ներկայացել. «Եղբայրս չի իմացել, որ դատի է, իմպլանտ էր տեղադրում, չի հասցրել»: Ըստ Տեր-Սահակյանի՝ ոչ մի խոչընդոտ չկա, նորից դիմելու դատարան, Քրեակատարողական օրենսգիրքը թույլ է տալիս երեք ամիսը մեկ դիմելու:

Տեղեկացանք, որ ցմահականը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հավանաբար սա է պատճառը, որ նրա գործով ներգրավվել են փաստաբաններ՝ Արա Ղազարյան, Կարեն Մեժլումյան, ովքեր ԵԴ դիմելու հարուստ փորձ ունեն: Սահակ Տեր-Սահակյանն ասաց, որ Սիրադեղյանի որդին էլ համաձայն չի, որ հոր գործը մահվան հիմքով կարճվի, դիմել է ԵԴ: «Մենք էլ ենք դիմելու մեր գործի վերաբացման համար՝ նոր երեւան եկած հանգամանքների եւ պայմանական վաղաժամկետ ազատման հիմքով: Մինչեւ Եվրոպա գնալու ենք»,-ասաց նա:

Սահակը հիշեցրեց, որ Արմենի ազատության համար 10 օրում հավաքվեց 4000 ստորագրություն: Ինչ վերաբերում է տուժողների իրավահաջորդների, ՀՅԴ անդամների, հանրային գործիչների դատական նիստերի դահլիճում գտնվելուն (ըստ դատավճռի քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, սպանվել են Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, նրա վարորդը, Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը, նրա վարորդը՝ Վարուժան Աբրահամյանը… ), Տեր-Սահակյանն ասաց. «Տասը հոգու անուն են տալիս, բայց միայն եղբայրս է նստած եւ քեռու որդին՝ Ալիկ Գրիգորյանը»: Հիշեցնեմ, որ 2019 թ. հունվարի 18-ին ՀՀ կառավարության շենքի մոտ Տեր-Սահակյանի հարազատները, ընկերները բողոքի ցույցեր էին անում «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին» ցուցապաստառներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031