Ադրբեջանական թեզերը ոչ թե ընդդիմությունը, այլ Հայաստանի իշխանություններն են կրկնում։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Մեր միջազգային գործընկերները մեզ ձեր խոսքերով են արձագանքում։ Ամենաթեժ պահին, երբ Արցախի վրա հարձակում է եղել, ասել եք՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Կամ այն, որ Ալեն Սիմոնյանն ստանձնել է Իլհամ Ալիեւի փաստաբանությունը ու ասել է՝ «Մենք ասել ենք՝ Նախիջեւանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, Բաքվում պիտի թեյ խմենք, դրա համար էլ Ալիեւը նման հայտարարություններ է անում»։ Հակադարձում են ձեր այն ասածով, որ դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Այս պարագայում ընդդիմադիրներին կոչ անել չտիրաժավորել ադրբեջանական խոսույթ, չգիտեմ՝ ցինիզմի որ ժանրից է»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հույսով եք դուք երկու տարի շարունակ հայտարարում եւ ամեն դեկտեմբերին՝ ավելի ջանասիրությամբ, որ մոտ է խաղաղության կոչվող պայմանագրի ստորագրումը»։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի 29 800 քկմ-ն, հրաժարվում է դուրս գալ 200 քկմ բռնազավթված տարածքներից։ «Ասում եք, որ Ադրբեջանը համաձայն է դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սուտ է, չկա նման կետ առնվազն այն առաջարկներում, որոնք մենք տեսել ենք։ Ասում եք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա պետք է բացվեն։ Իլհամ Ալիեւն արդեն այս կետին լրիվ պատասխանել է։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ երբ որեւէ սկզբունքային հարցի շուրջ որեւէ համաձայնություն չկա, այս մեր խեղճ ժողովրդին՝ պատերազմներից ու կորուստներից հոգնած, անընդհատ խաղաղության տեսիլքով խաբելն ինչքա՞ն պետք է շարունակվի»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես չեմ հիշում, որ ես անոնս արած լինեմ, որ մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրում։ Ես ասել եմ, որ կա հավանականություն, որ պրոցեսներ կան։ Բայց ես էլի ուզում եմ ձեր զարմացած հայացքներին արձագանքել հետեւյալով, որ 2011 թվականին տեքստը համաձայնեցված է եղել, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել իր հարցազրույցում, միջազգային լիդերները զանգել են, համարյա շնորհավորել են։ Դա հայտնի պատմություն է, ինչո՞ւ եք զարմացած։ Մեր բոլոր փաստարկներն ու դիրքորոշումները պետք է լինեն անառարկելիորեն լեգիտիմ։ Խաղաղության օրակարգի մասին՝ մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում եւ չենք հրաժարվելու։ Դա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ մեր քաղաքական տեսլականը դա է։ Մենք Ադրբեջանը տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգ, մենք մեր տրամաբանությամբ ենք հռչակել խաղաղության օրակարգը, իհարկե, այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ։ Բայց եթե Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք դրանից։ Ընդհակառակը, կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի խորը պետք է հիմնավորենք, ավելի շատ պետք է փաստարկենք»։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ հայ հասարակությունը պետք է հասկանա, թե ինչքան խաբված է այս գործընթացներում։ «Դուք բթացնում եք մարդկանց զգոնությունը եւ ուղղակի չեք ասում, որ, այո, հնարավոր է որեւէ փաստաթուղթ ստորագրվի, բայց դա չի բերելու խաղաղություն, չի բերելու անվտանգություն եւ չի երաշխավորելու, որ Ադրբեջանն այլեւս երբեք չի հարձակվելու։ Այո, նախկինում քննարկվել է հավանականություն փաստաթղթերի ստորագրման, բայց Հայաստանի ղեկավարներից որեւէ մեկը արհեստականորեն չի փոքրացրել Ադրբեջանից եկող սպառնալիքը։ Այդքան դժվար բան չէ, պետք է ուղղակի մեր ժողովրդին ասել, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, պատերազմի է պատրաստվում»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես ուզում եմ հիշեցնել, թե 2020 թվականից հետո քանի անգամ է ընդդիմությունն ահազանգել, որ Բրյուսելում փաստաթուղթ է ստորագրվելու։ Բա ինչո՞ւ եք դուք այդ չստուգված եւ սուտ տեղեկությունները տարածում։ ՀՀ ժողովրդի զգոնությունը բթացնելու անհրաժեշտություն չկա։ Մենք ուրիշ բան ենք ասել, մենք ասել ենք՝ ժողովուրդ, անկախ արտաքին միջավայրից եկող սպառնալիքներից, մենք պետք է կենտրոնացած մնանք Հայաստանի պետական շահերից բխող գործողությունների տրամաբանության մեջ։ Եվ ասել ենք, թե որն է Հայաստանի պետական շահը։ Դա Հայաստանի տնտեսական զարգացումն ու զարգացումն է։ Այսինքն՝ դուք ի՞նչ եք ուզում, որ բոլորս նետենք, սկսենք ծկներիս տա՞լ։ Դրանից ոչ մի բան չի փոխվի։ Բան կփոխվի նրանից, թե 2023 թվականին Հայաստանում ինչքան տնտեսական աճ է եղել, 2024 թվականին ինչքան տնտեսական աճ է եղել, բյուջեի եկամուտներն ինչքան են աճել, ռազմական ծախսերն ինչքան են աճել։ Ձեր ասած հարցերը ոչ ձեր տված հարցերով են լուծվում, ոչ էլ իմ ասած պատասխաններով են լուծվում։ Լուծվում են նրանից, թե ինչքանով է դիմակայուն ՀՀ-ն։ Միջազգային գործընկերները խոսում են Հայաստանի դիմակայունությունից, միջազգային գործընկերները խոսում են նրանից, որ չգիտեն աշխարհում մի նախադեպ, որ որեւէ երկիր մի շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստական ընդունի՝ առանց վրանային ու փախստականների ճամբարի»։
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հիմա էլ ասում են՝ դուք ձախողել եք։ Դավաճանը պրծան, հինը ինչո՞ւ չեք հիշում, մի դավաճանեք ձեր սկզբունքներին, անընդհատ, ամեն հարցից առաջ ասեք՝ դավաճան, հողատու։ Շուտ-շուտ ասեք, որ դուք էլ չմոռանաք, ուրիշներն էլ չմոռանան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ