Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ու հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է»․ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազության պահանջի առիթով

Հունվար 17,2024 21:21

«Պատճառը եղել է այն, որ նախնական փուլի համար փաստաբաններ ներգրավված են  եղել զուտ որոշակի գործողություններ՝ փաստաթղթեր ձեռք բերելու, տարբեր պետական մարմիններ հարցումներ կատարելու համար։ Իսկ դատական փուլի համար նոր փաստաբաններ են  ներգրավվելու հետագա փուլերում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դատական նիստից առաջ հրաժարվել են իրենց փաստաբաններից, այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Այսօր՝ հունվարի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։

Էմին Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանն ունի ներգրավված փաստաբաններ՝ Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, Վարազդատ, Ասատրյանը և Էմին Խաչատրյանը։

Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առարկել է տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման դեմ։ Էմին Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք ծանոթ ենք հայցադիմումին․ այնտեղ մի շարք բանկային գաղտնիքին վերաբերվող կամ այլ հանգամանքներ կան, որոնք համատարած հրապարակվում են ոչ միայն այս գործով, այլև մեր պրակտիկայում ունենք, որ այլ նմանատիպ գործերով։ Հետևաբար խորհրդակցել ենք մեր վստահորդի հետ և եկել եզրահանգման, որ պետք է առարկենք տեսաձայնագրության միջնորդությանը։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Լրատվական միջոցների ուղիղ հեռարձակում ու տեսաձայնագրություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պահանջն է՝Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 86 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամ, 42 տրանսպորտային միջոց, 79 անշարժ գույք, 10 անշարժ գույքի շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանց բաժնեմասեր, բաժնետոմսեր և այլն: Ըստ Էմին Խաչատրյանի՝ դատախազությունը եկել է սխալ եզրակացության․ «Նախ արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ իր ողջ գործունեության ընթացքում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ստեղծել են, ու այս ամենը հենց իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուրջ 3 տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել թե′ գույքերի, թե′ ֆինանսական միջոցների մասով։ Երեք տարվա ուսումնասիրության արդյունքում մեզ առաջադրել է բավականին շատ, բազմաթիվ հարցեր՝ մոտ 40 հարցադրում՝ կապված գույքերի, ֆինանսական միջոցների և հայտարարագրերի հետ։ Մենք այդ ուսումնասիրության արդյունքում նիստերի ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովին ներկայացրել ենք և′ փաստական տվյալներ, և′ փաստաթղթեր, և′ հիմքեր ու ողջամիտ բացատրություններ այդ ամբողջի վերաբերյալ։ Ու արդյունքում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննարկելով այդ ամենը, ձայնագրվող նիստի ընթացքում եկել է եզրահանգման, որ դատախազություն դիմելու որևէ պատճառ և առիթ չկա։ Այսինքն՝ մեր բոլոր հիմքերը, պատճառաբանությունները նրանց համար ընդունելի են եղել։ Ի վերջո, ինձ համար զարմանալի է այն փաստը, որ դատախազությունը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է այս ամենը և եկել է սխալ եզրահանգման։ Գագիկ Ծառուկյանը և′ նախկինում, և′ հիմա որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցի չի տիրապետել ու չի տիրապետում։ Հետագայում դատական լսումների ընթացքում մենք կներկայացնենք հայցադիմումին վերաբերող և ողջամիտ պատճառաբանություններ և ծանրակշիռ փաստական տվյալներ և դրանց վերաբերյալ նաև վերլուծություններ։ Իմ կարծիքով՝ այս դատաքննությունը բոլոր հարցերի  պատասխանը կտա։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի անդամները որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցների երբևէ չեն տիրապետել ու չեն տիրապետում։ Հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց ընտանիքի՝ 80-ականներից սկսած աշխատանքի արդյունքն է»։

Հիշեցրինք, որ Գագիկ Ծառուկյանը 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, 2018-2021-ին եղել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, Էմին Խաչատրյանն արձագանքեց․ «Արդյոք պատգամավորի լիազորությունների մեջ ի՞նչ է մտնում, որի արդյունքում կարող է անձը ապօրինի հարստանալ։ Հայտնի գործիչ լինելն ի՞նչ առավելություն է տալիս անձին, որպեսզի նա ապօրինի հարստանա։ Այստեղ պետական պաշտոնատար անձ լինելը պետք է ունենա որևէ լծակ կամ հնարավորություն ապօրինի հարստանալու։ Նախ բոլորին է հայտնի, բացի դրանից ծանրակշիռ փաստական տվյալներով ու ապացույցներով մենք կհիմնավորենք, որ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի չափահաս բոլոր անդամների հետ դեռ 1980-ականներից աշխատել, ստեղծել են ու ստեղծածը էլի աշխատածի արդյունքում բազմապատկել են։ Գագիկ Ծառուկանը ԱԺ պատգամավոր եղել է 2003-ին։ ԱԺ պատգամավոր լինելուց առաջ Գագիկ Ծառուկյանն արդեն ունեցել է խոշոր բիզնեսներ։ Մինչև այդ հանրահայտ փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը եղել է խոշոր սեփականատեր, ունեցել տարբեր բիզնեսներ, զբաղվել տարբեր գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի ծնողները 90 տարեկանում մինչ օրս շարունակում են աշխատել ու ստեղծել»։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է դատախազությունը եկել այդպիսի եզրահանգման, փաստաբանը պատասխանեց․ «Ես այս պահին որևէ դատողություն այդ մասով անել չեմ կարող»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ ժամը 13։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031