Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորականների՝ խաղադրույքներ կատարելու հնարավորություններն օրենքով կսահմանափակենք»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 17,2024 20:25

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահացության դեպքերին։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 2018 թվականը բանակում ոչ մարտական պայմաններում 1000-ից ավելի դեպքեր են տեղի ունեցել։ Իրականում պատճառները շատ խորքային են։ Հիմա ինչ նախարարն ակնարկեց, ես չեմ ուզում կրկնել։ Մեր վերջին խորհրդակցության ժամանակ խոսել ենք եւ ասել եմ՝ գնացեք, օրենսդրական կարգավորում արեք եւ զինծառայողներին արգելեք խաղադրույքներ կատարել, որովհետեւ երբ մարդն ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտքատերերի ճնշումներից թողնում գնում է դիրք եւ որոշում ինչ-որ գործողություն անել։ Իհարկե, մեր պատասխանատվությունն է, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տանք։ Կամ երբ զանգում ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք, բերեք տեղ հասցրեք, եւ ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է։ Բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պետք է խոսենք այս բաների մասին»,- ասաց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց․ «Կապ չունի՝ անցյալում ինչ է եղել, լավ է եղել, վատ է եղել, այս պահին դուք եք պատասխանատուն։ Դուք պարտավոր եք զինվորի կյանքն ապահովել՝ օրենքով ամենախիստ կարգով։ Եվ որեւէ մեկը չի ասում, որ ինչ-որ մեկը կարող է իր երեխային տուն տանելու համար ճնշում գործադրել զինվորականի վրա։ Պետք է այնքան թույլ լինի հսկողությունը կամ զինվորական այնքան քիչ աշխատավարձ ստանա, որ ստիպված լինի մոլի խաղերով զբաղվել»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ Հայաստանում զինվորականներն այլեւս ցածր աշխատավարձ չեն ստանում։ «Զինվորականներն ստանում են բարձր աշխատավարձ, այլ բան, որ նրանք պետք է պարզեն իրենց ամուր ձեռքը եւ վերցնեն այդ աշխատավարձը։ Այսօր Զինված ուժերում 500 հազար եւ ավելի, 623 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ Եվ սա շատ կարեւոր արձանագրում է։ Հիմա այդ օրենքի նախագիծը գալու է, եւ հույս ունեմ, որ դուք էլ կողմ կքվեարկեք, որ զինվորականների՝ խաղադրույքներ կատարելու հնարավորությունները սահմանափակենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031