Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտում որ կարդում էիք՝ «Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոն է ծփում անսահման․․․», պատկերացնո՞ւմ էիք, որ դա հայրենիքն է»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 17,2024 20:15

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ստեփանակերտում որ կարդում էիք՝ «Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոն է ծփում անսահման․․․», պատկերացնո՞ւմ էիք, որ դա հայրենիքն է, ոնց որ ժամանակին Ալեն Սիմոնյանն  ու Սուրեն Պապիկյանը Աղդամն էին իրենց հայրենիքն անվանում, թե՞ այն ժամանակ մտածում էիք, որ գալու է մի օր, որ հայրենիք ու պետություն գաղափարները հակադրելու եք իրար»։

«Ձեր նշած երկտողը եւ կարգախոսն իր արդիականությունը չի կորցրել՝ Հայաստանն իմ օջախ է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Եվ կարծում եմ՝ ընդհակառակը, ժամանակի հետ նաեւ հիմնավորել ու ապացուցել է իրեն։ Հենց թեկուզ այն տրամաբանությամբ, որ ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդն իրենց ընկալումներում եւ ընկալումների մեջ տեղի ունեցող փոփոխություններում շատ սինխրոն են։ Հայրենիքի եւ պետության մասին՝ ամենեւին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում։ Եվ երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ պետություն։ Իսկ հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Հիմա դուք կարող եք ասել՝ նոր հասկացա՞ք կամ էն ժամանակ չէիք հասկանո՞ւմ։ Բազմաթիվ դրվագներով ճշգրիտ արտահայտվում են եւ շարունակում են արտահայտվել մեր հոգեբանության, մտածողության, ապագայի մասին պատկերցումներում առկա հակասություններն ու հակադրությունները։ Եվ ՀՀ կառավարության պարտքն է այդ հակասությունների ու հակադրությունների հետ առերեսվել եւ այդ հակադրությունները եւ հակասությունները կառավարել, ինչը եւ ՀՀ կառավարությունը ժողովրդի տված մանդատով անում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց․ «Օջախն ատամներով պաշտպանում են, որ մեկ սանտիմետր չկորի, ընտանիքի անդամների վրա էլ ոստիկանական դուբինկաներ չեն բարձրացնում»։ Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, բայց եթե դպրոցում Հովհաննես Շիրազի «Ո՞րն է, բաբո մեր հայրենիքը» լավ սովորեցրած լինեին, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն ու Արագածը չէիք հակադրի։ Մինչեւ հիմա էլ հստակ չեղավ՝ հայրենիքը 29 800 քկմ-ն է, թե՞ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի գրած Տիգրանի կառուցած քաղաքն էլ է հայրենիք»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես ձեզ կարող եմ ասել մի բան, որը դուք չեք կարող հերքել երբեք՝ ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է, որի բարձրությունը 4090 մետր է։ Ոչ դուք, ոչ որեւէ ուրիշ մեկը չի կարող դա հերքել։ Որեւէ մեկը կարող է ավելի մեծ զգացումներ ունենալ, օրինակ, աշխարհի ամենաբարձր լեռան ամենաբարձր գագաթի՝ Ջոմոլունգմայի նկատմամբ, որի բարձրությունը 8848 մետր է։ Բայց ՀՀ կառավարության իրավազորությունը տարածվում է 4090-ի վրա, այսինքն՝ դա է մեր երկրի տարածքում եղած ամենաբարձր գագաթը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031