Անվանի ֆուտբոլիստն այս օրերին հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում է: Հունվարի 17-ին Նիկոլա Անելկան այցելել էր լեգենդար ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա:
Այցի ընթացքում Նիկոլա Անելկան զրուցեց ակադեմիայի սաների հետ, կիսվեց խորհուրդներով, ապա հետեւեց բաց մարզմանը:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք մեծ ծրագրով ենք ժամանել եւ այստեղ նպատակ ունենք հիմնել ֆուտբոլի ակադեմիա: Գիտեմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ աջակցություն ունի, նաեւ մեծ ներուժ ունի: Այս առումով ակադեմիա բացելու մեծ հնարավորություն եմ տեսնում այստեղ: Քննարկումներ ունենք նաեւ ֆուտբոլի ակադեմիայից բացի, տեքստիլ արտադրություն հիմնել Հայաստանում ֆուտբոլով զբաղվող երեխաների համար: Այդ արտադրությունը կծառայի ապագա ֆուտբոլիստներին: Ես Հայաստանում մեծ հնարավորություններ եմ տեսնում: Նաեւ հայկական ֆուտբոլում լավ ապագա եւ հեռանկարներ եմ տեսնում:
Կարդացեք նաև
Լավ երեխաներ կան, նրանց հետ պետք է մեծ աշխատանք տանել: Տեսնում եմ, որ ֆուտբոլը այս երեխաների մեծ երազանքն է: Մենք պետք է նրանց համար ստեղծենք հնարավորություններ եւ օգնենք՝ դառնալ լավ ֆուտբոլիստ ոչ միայն Հայաստանում, նաեւ եվրոպական մեծ ակումբներում»,- ասաց Նիկոլա Անելկան: