Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հիմնավոր վարկած, որ այս դեպքով մեծ է եղել արտաքին ճնշումը»․ Սուրեն Պապիկյանը՝ ձնահյուսի պատճառով զինծառայողի մահվան դեպքի մասին

Հունվար 17,2024 19:55

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ձնահյուսի հետեւանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքին։

«Պարոն Պապիկյան, ես ուզում եմ, որպեսզի հանրությանը ներկայացնենք առ այս պահը դեպքի հետ կապված պարզաբանված հանգամանքները, նաեւ ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալները»,- պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց Արմեն Խաչատրյանը։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության եւ միաժամանակ քննչական գործողությունների արդյունքում։ «Ի դերեւ կգան այն խնդիրները, որոնք դարձել են պատճառ այս դժբախտ պատահարի։ Իհարկե, խնդիրն ունի երկու կողմ։ Մեկը դա բնական պայմաններն են։ Ես պետք է նշեմ, որպեսզի հանրությունն իմանա՝ վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձրլեռնային հատվածներում։ Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ։ Դրանք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմաններով մշտապես փակման ենթակա են՝ բքի եւ ձնահյուսերի պատճառով։ Սրանցից զատ կան նաեւ դժվարհասանելի ուղղություններ։ Մենք ունենք շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տեսակի եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամառային ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել։ Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչեւ այդ դիրք, նաեւ սնունդ հասցնելն իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով։ Դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով»,- ասաց Պապիկյանը։

Ըստ նրա՝ շատ կարեւոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին երեք տարիների ընթացքում ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ։ Անվտանգությունն իրականացնելու համար, նախարարի խոսքով, մշտապես իրականացվում են եւ պայթեցման, եւ կանխարգելիչ աշխատանքներ։

«Այս դիպվածի հիմքում կա նաեւ պարտականությունները պատշաճ կատարելու թերացումներ։ Ես անուններ եւ պաշտոններ չեմ հնչեցնի, բայց պիտի նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Բայց, ինչպես նշեցի, սա կարող է ի հայտ բերել միան պատշաճ քննությունը։ Միայն կարող եմ ասել, որ ակնհայտ է՝ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որեւէ տեղաշարժ չիրականացնելու։ Ավելին ասեմ՝ Հատուկ բանակային կորպուսի տարածքում այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում։ Եվ միայն երկու օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից ու պատշաճ զորացրել, ուղարկել տուն»,- ասաց նա։

Ըստ Պապիկյանի՝ այս դեպքի հետ կապված կա վարկած եւ այդ վարկածը բավական հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ «Պետք է հորդորեմ նաեւ մեր քաղաքացիներին, բոլոր զինծառայողների հարազատներին՝ զերծ մնալ Զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից, ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց չստիպել, որ կատարեն պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարել։ Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահյուսքի պատճառով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- հավելեց նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Լսիր, դու պաշտպանության նախարար ես?, թե մեր դիրքերի թույլ կողմերի ու վատ վիճակի մասին ադրբեջանցիներին հրապարակային ինֆորմացիա հայտնող։ Չգիտես?, որ ԱԺ ամբիոնից պաշտպանության գծի մանրամասները չեն բարձրաձայնում։
    Սրանք իսկապես մանկապարտեզ են։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031