Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիեւը վերցնելուց է խոսում, որտե՞ղ է ավարտվելու տալու պրոցեսը». Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Հունվար 17,2024 19:33

«Պարո՛ն Փաշինյան, նախ, դուք դասղեկ չեք, մենք էլ ձեր աշակերտները չենք: Գովելի կլիներ, որ նույն ոգեւորությամբ պատասխանեիք նաեւ Ալիեւին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, երբ վարչապետը մանկավարժական տոնով սկսեց սխալների ուղղում անել Լեւոն Քոչարյանին:

Նա ասաց, որ իր համար անհասկանալի են Փաշինյանի ու իր թիմակիցների «անհասկանալի շարժումները»՝ ի պատասխան այն պարզ ճշմարտության, որ ձախողել է. «Դուք ձախողել եք ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգում: Ընդամենը օրեր առաջ հայտարարել եք, որ Ալիեւի հայտարարությունները լրջագույն հարված են ՀՀ-ին, Ալիեւը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին, դուք եք հայտարարել, որ Ադրբեջանի առաջարկությունները կարդալով՝ եզրակացության եք գալիս, որ փորձում են լեգիտիմացնել հետագա պատերազմը: Դուք եւ Ալիեւը խոսում եք տարբեր բաների մասին, դուք այլ բառապաշարով եք խոսում, Ալիեւը՝ այլ: Դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիեւը վերցնելուց է խոսում: Դուք խոսում եք անկլավները տալու մասին, ճանապարհները տալու, Ադրբեջանին հանցագործներին տալու մասին եք խոսում, ի՞նչ է ասում դրան ի պատասխան Իլհամ Ալիեւը: Ո՞րն է այն սահմանը, մինչեւ որտե՞ղ եւ ի՞նչ չափանիշներով եք սահմանելու, թե որտե՞ղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը, որովհետեւ Ադրբեջանը կանգ չի առնելու»:

Փաշինյանը պատասխանեց. «Նախ, դասղեկի վերաբերյալ ձեր դիտարկումը լիարժեք ըմբռնելի է, դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց. «Այն, որ մեջբերումները թողեցիք մի կողմ ու ինձ վերագրեցիք բառեր, որոնք չկարողացաք հիմնավորել մեջբերումներով, արդեն ձեր հարցի պատասխանը տալիս է: Ձեր հարցի մեջ կա լրջագույն լեգիտիմություն, դա դուք հիմնավորեցիք իմ արած մեջբերումներով: Դրանց հետ կապված ես պրետենզիա չտեսա: Ասում եք՝ որտեղ եք կանգ առնելու, ինչպես: Կանգ է առնելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա եւ լեգիտիմությունն է լինելու մեր քաղաքական դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը: Ձեր ասած մտահոգությունները կիսում եմ: Ավելին, ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության պրոցեսը փակուղի մտցնելը չէ: Ես ինքս եմ նկատել որ ՀՀ-ն ու Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, մեր անելիքն է դրանք համապատասխանեցնել լեգիտիմությանը»:

Հարցին՝ դուք գիտե՞ք որոնք են ՀՀ լեգիտիմ սահմանները, Ադրբեջանն ասում է՝ ես գիտեմ, որտեղ է իմ սահմանը, դուք ասում եք՝ ես չգիտեմ որտեղով է գծվում Արծվաշենի սահմանը, դուք հստակ արձանագրում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չգիտեք մեր սահմանները որտեղից են սկսում ու որտեղ ավարտվում, դուք հստակ նշում եք, որ 8 գյուղերը պետք է վերադարձվեն, բայց Ադրբեջանի ղեկավարը չի նշում այն 32 գյուղերը, որոնք պետք է վերադարձվեն ՀՀ-ին»:

Փաշինյանը պատասխանեց. «Ես շատ հստակ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները, դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն: ՀՀ-ն ունի միջազգայնորեն ընդունված սահմաններ: Այդ սահմանները 1991-ի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցած սահմաններն են եւ Ալմա Աթայի հռչակագրով գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031