Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Անկեղծ ասեք միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան». Լեւոն Քոչարյանի՝ Փաշինյանին ուղղված հարցը բորբոքեց ՔՊ-ականներին, բղավեցին՝ «Այ կեղտո՜տ»

Հունվար 17,2024 19:11

«Խոսքս ուղղվում է կառավարության գլխին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն այսպես դիմեց վարչապետ Փաշինյանին՝ հարցնելով. «Լսեցինք ձեր կողմից կիրթ եւ կառուցողական որակված Ալիեւի հարցազրույցը, իհարկե, խայտառակ ագրեսիվ էր, լսեցինք նաեւ ձեր խեղճուկրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած, արձանագրում եք, որ բոլոր առաջարկները  Ալիեւը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան: Ալիեւը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»:

Լեւոն Քոչարյանի այս խոսքը լսելով՝ ՔՊ-ականները սկսեցին գոռգոռալ, Վահագն Ալեքսանյանը բղավում էր՝ «այ կեղտո՜տ»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Պարո՛ն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ղեկավարը հասկանում եմ, որ եզակի դեպք է, որ ընտրված ղեկավար է, ձեր համար դա զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի այսպիսի իրավիճակ դահլիճում չլինի»:

Վարչապետ Փաշինյանին ամբիոնի մոտ հրավիրելիս Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցին կպատասխանի ՀՀ ընտրված ղեկավարը, դահլիճից ընդդիմադիրները գոռացին՝ «պարտված» ղեկավարը:

Փաշինյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ հաջորդ անգամ այդ հարցը փորձել հանգավորել, որպեսզի 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա եւ եզակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի, բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք, ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում՝ կարծում եմ առիթներ կունենանք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում: Սա ես ձեզ հորդորում եմ եւ հույս ունեմ՝ այս հորդորը կրկնելու առիթ չեք տալու»:

Լեւոն Քոչարյանը արձագանքեց. «Ուրեմն էստեղ մե՛նք կարանք հորդորենք, որ որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն այստեղ մանկական բաներով չզբաղվի: Ես հստակ ձեւակերպել եմ իմ ասելիքը՝ թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ, խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ անհասկանալի առաջարկ»:

Փաշինյանը մանկավարժական տոնով ասաց. «Առաջընթացը ակնհայտ է, որովհետեւ հարցի երկրորդ մասում առնվազն որոշ  բաներ հասկացաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031