Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորցիները կառավարությանն փոխանցեցին՝ կախիչով ու ցնցուղով ոչ մի գեղջկական շոու չի կարող մեզ համոզել, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի»

Հունվար 17,2024 18:25

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց կառավարությանը․ «Ինձ բախտ վիճակվեց Վանաձորում լինել, հանդիպել տարբեր սոցիալական, մասնագիտական խմբերի ներկայացուցիչների հետ։ Եվ նրանք բոլորն ինձնից պահանջեցին անպայման կառավարությանը փոխանցել հետեւյալը։ Իմացեք, որ վանաձորցին երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից ու Արցախից, իմացեք, որ կախիչով ու ցնցուղով ոչ մի գեղջկական շոու չի կարող վանաձորցուն համոզել, թե Եռաբլուրում կամ վանաձորյան պանթեոնում հողին հանձնված մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի։ Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց վանաձորցին ոչ մեկին՝ սկսած ներքեւից մինչեւ վերեւ, թույլ չի տվել իր արժանապատվությունը հասցնել ասֆալտի մակարդակի»։

Արմենուհի Կյուրեղյանը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին։ «Արդյոք թեստերի մեջ հարցերի, ենթահարցերի քանակը, նրանց յուրաքանչյուրի համար անհրաժեշտ նվազագույն ժամանակը ու ատեստավորման համար տրամադրված ժամանակը համարժե՞ք են իրար»,- հարցրեց պատգամավորը։

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ տարեցտարի թեստերի որակն ու կառուցվածքը բարելավվում է։ «Կարծում եմ՝ թեստերի այն մակարդակը, որն ունենք, բավարար է, որպեսզի մենք կարողանանք ատեստավորման արդյունքները համարել այդ իմաստով ներկայացուցչական։ Իրականում կամավոր ատեստավորման արդյունքով՝ ուսուցիչների շուրջ 50 տոկոսը եւ ավելին հաղթահարում են թեստերը։ Եվ բավական մեծ թիվ են կազմում նաեւ բարձր արդյունք ունեցող ուսուցիչները։ Ավելի քան 200 ուսուցիչներ ունենք, որոնք ստանում են 400 հազար եւ ավելի վարձատրություն։ Եվ մենք արդեն ունենք շուրջ 4000 ուսուցիչներ, որ կամավոր արդյունքում բարձրացված վարձատրության ու հավելավճարի հնարավորություն են ստացել»,- ասաց նախարարը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031