Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսի, ասում է՝ չկա սահման, էլի մի 20 կմ առաջ կգա, ի՞նչ հակաքայլ եք առաջարկում». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Հունվար 17,2024 18:02

«Պարոն Փաշինյան, դուք առաջին անգամ հրապարակավ «խաղաղության օրակարգ» եզրույթն օգտագործել եք 2019-ի սկզբին՝ ԵԿՄ-ի արտահերթ համագումարի ժամանակ: Ասում էիք՝ կպարտադրենք խաղաղություն, եթե անհրաժեշտություն լինի: Ակներեւաբար, խաղաղություն թշնամուն չկարողացաք պարտադրել եւ խաղաղության օրակարգը 2021-ից այլ իմաստ ստացավ։ 2022-ին բյուրեղացավ՝ զիջումներ, միայն թե կարողանամ Հայաստանի 29.800 քկմ-ը պահել՝ անկախ նրանից, որ ձեր նախընտրական ծրագիրը լրիվ ուրիշ բան էր: 2023-ին արդեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունն ընդունեցիք՝ չունենալով դրա իրավունքը, քանի որ ՀՀ գործող օրենքներն այդ իրավունքը ձեզ չեն տալիս եւ Արցախից չունեիք լիազորում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին այսպես հիշեցրեց իր խոստումները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հարցրեց՝ մի քանի օր առաջ Ալիեւն ասաց, որ ինքը ոչ պատրաստ է տարածքներ ճանաչել, սահմաններ ճանաչել, ինքը այլ ռեժիմ է պահանջում՝ ճանապարհը անցնի Մեղրիով եւ այդ ռեժիմը միջանցքից չի տարբերվում, ստեղծվեց նոր իրավիճակ, այս նոր իրավիճակում ի՞նչ լուծում է նա առաջարկում:

Փաշինյանը պատասխանեց. «Այն հայտարարություններն ու գործողությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել միայն ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ: Մենք մի բան չենք նկատել՝ անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է: Ընդհանրապես անվտանգային այս ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր ձեւակերպումները պետք է լինեն բացառիկ լեգիտիմ: Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, մենք ասել ենք, արդեն պատասխանել եմ եւ խաղաղության խաչմերուկը, ըստ էության ներառում է ձեր հարցի պատասխանը: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը 2 հակադարձում է անում. եթե ՀՀ-ն պատրաստ չի ճանապարհներ բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից եւ երկրորդ՝ ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան անցման ժամանակ, որը 47 կմ է, նկատի է առնվում ՀՀ հարավը, եթե երթուղին այդտեղով անցնի, տեղի ունենան ստուգման գործընթացներ: Մենք ասում ենք՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ անցումը, նույն պայմաններով ՀՀ-ն նույնպես պատրաստ է տալ: Եթե ՀՀ տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան 47 կմ է, Իրանի տարածքով 49 կմ է»:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ մեր հարաբերությունները համեմատել Ադրբեջան-Իրան հարաբերությունների հետ՝ կոռեկտ չէ, Ադրբեջանն Իրանին պատերազմում չի հաղթել. «Դուք ասում էիք՝ կտամ Արցախը, փոխարենը՝ Ադրբեջանը կճանաչի սա, Ադրբեջանն ասաց, որ ինքը դա չի ընդունում, ստացվեց՝ այս ամբողջ բանակցային գործընթացից Ադրբեջանը պոկեց ձեր ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, փոխարենը՝ բացարձակապես ոչ մի բան չտվեց: Ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ, Ադրբեջանը երբեք ՀՀ-ի նկատմամբ այսքան ագրեսիվ, այսքան անհարգալից չի խոսել: Ի՞նչ եք դուք առաջարկում, այդ խաղաղության խաչմերուկը լրիվ ուրիշ բան է: Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսի, քանի որ ասում է՝ չկա սահման, էլի մի 20 կմ առաջ կգա, այսպես ինչքա՞ն: Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»:

Փաշինյանը պատասխանեց. «Այս իրավիճակում, ինչպես նախկինում մեր դիրքորոշումը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված սահմանի, ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031