«Դա քաղաքական ենթատեքստ ուներ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսպես պատասխանեց լրագրողների դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանը ճանճերի հետ է համեմատել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվել Օղակաձեւ այգու թենիսի կորտերի քանդմանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի վերակառուցման ծրագրի եւ դրա շրջանակում թենիսի կորտերի քանդմանն անդրադառնալով, ասել է․ «․․․ Իսկ բոլոր մնացածներին, որոնք այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ մի փոքր քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ կարծում եմ՝ դա չի ստացվելու»:
Ընդ որում, խնդրին անդրադարձած լրատվամիջոցներին էլ Ավինյանը դեղին մամուլ է ասել։ Այս առնչությամբ Ավինյանի խոսնակն ասաց՝ չեմ ուզում մեկնաբանել, եւ չեմ ուզում իմ գործընկերների որոշ միակողմանի մեկնաբանություններին մեկնաբանություն տալ։
Կոստանյանի վստահեցմամբ՝ Ավինյանի ասածը վերաբերել է այն անձանց շրջանակին, ովքեր թեմայի շուրջ քաղաքական դիվիդենտներ են ուզում ստանալ։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ արդյոք անգամ նման դեպքում մարդկանց ճանճերի հետ պետք է համեմատել, արդյոք դա վիրավորանք չէ, Կոստանյանը պատասխանեց․ «Երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորող հայտարարություններ են լինում, ամեն մարդ ինքն է որոշում ինչ գնահատական տալ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ