Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փորձը բազմիցս է ապացուցել, որ Հայաստանի, ազգային թէ՛ պետական շահը երբեք երաշխաւորւած չի եղել զուտ ռուսական կամ արեւմտեան օրիենտացիային տրւելով. Դերենիկ Մելիքեան

Հունվար 17,2024 17:41

ՈՐՊԷՍԶԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՍԻԲԸ…

Աւելի քան չորս տասնամեակ է, որ արեւմտեան մեծապետական ուժերը մերթ ընդ մերթ թիրախաւորում են Իրան երկրի հողային ամբողջականութիւնը, հարցականի տակ առնելով իրանական Պարսից ծոցում Մեծ ու Փոքր Թոնբ եւ Աբումուսա կղզիների պատկանելիութիւնը։

Կարելի է վստահօրէն ասել, որ եւս մի քանի տասնամեակներ էլ եթէ շարունակւեն նման զրպարտանքներն ու յաւակնութիւնները, միեւնոյն է՝ Իրանը մնալու է անդրդւելի եւ իր ինչպէս կրօնապետական, այնպէս էլ ազգային շահերից մղւած՝ արժանապատւօրէն ու իւրայատուկ թասիբով կառչած է մնալու հողային ամբողջականութեան եւ ազգային ու պետական անվտանգութեան պաշտպանութեանը։

Եւ իսկապէս, մեծ բարեբախտութիւն ու պատեհութիւն է Հայաստանի Հանրապետութեան համար, որ իր հարաւային յուսալի դարպասի վստահելի հարեւանն է Իրանի նման երկիր-պետութիւնը։ Եւ սա յատկապէս այն դէպքում, երբ Հայաստանը վերջին 30 տարում մեղմ ասած՝ կղզիացած է մնացել միւս երեք հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ սրանց հետ քաղաքական, տնտեսական ու մինչեւիսկ ռազմական սերտ յարաբերութիւններ ծաւալած Վրաստանի կողմից։

Ի դէպ՝ հետաքրքիր կը լինի համեմատականը՝ Հայաստանի հիւսիսային քրիստոնեա՜յ հարեւան Վրաստանի եւ հարաւային հարեւան՝ մուսուլմանական Իրանի՝ ՀՀ-ի հետ յարաբերութիւններում, երբ փաստօրէն Վրաստանի համար նոյնիսկ ուղենշային են թուրքական տարածաշրջանային նկրտումներն, իսկ Իրանի դէպքում տրամագծօրէն հակառակն, այսինքն՝ պանթուրքիզմի զսպումը հարաւային Կովկասում ու մասնաւորապէս իր սահմանային անմիջական գօտիներում։

Փաստ է նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան արեւելեան ու արեւմտեան սահմանակից երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան 90-ականներից սկսեալ ՀՀ-ի հետ «բարեկամական» յարաբերութիւններն պայմանաւորել են նրանով, որ հայկական զինուժերը դուրս գան Արցախի յարակից 7 շրջաններից։ Դա, սակայն, տեղի չունեցաւ՝ հայկական գրագէտ դիւանագիտութեան ու յաղթական բանակի շնորհիւ, որի լաւագոյն ապացոյցը հանդիսացաւ 2016-ի քառօրեայ պատերազմը, եւ որի արդիւնքում Ադրբեջանը գլխիկոր Ռուսաստանին խնդրամատոյց եղաւ, որպէսզի վերջինս հայերին համոզի դադարեցնել ջախջախիչ ու հուժկու հակագրոհը։

Այնուհետեւ, միջազգային ուժային կենտրոնների աշխարհագրա-քաղաքական փոփոխւած հաշւարկների բերումով խախտւեց տարածաշրջանում հայանպաստ ստատուս քւօն, երբ յատկապէս 2018-ի «թաւշեայ յեղափոխութեամբ» թելադրւած՝ Հայաստանի նոր իշխանաւորները որդեգրեցին արկածախնդրական եւ ըստ էութեան պատւիրւած՝ քանդիչ արտաքին քաղաքական նոր կուրս։ Իսկ սրա արդիւնքն եղաւ 2020 թ. 44-օրեայ բեմականացւած պատերազմն ու շրջանում Ադրբեջանի օգտին ռազմաքաղաքական հաւասարակշռութեան կտրուկ փոփոխութիւնը։

Այս փուլում թուրք-ադրբեջանական դաշինքը ՀՀ-ի հետ յարաբերութիւնները բարելաւելու եւ խաղաղութեան պայմանագիր կնքելու նախապայման յայտարարեց Արցախի ամբողջական օկուպացիան ու հայաթափումը, որն իրականացնելու համար դիմեց ամենաքստմնելի միջոցների՝ միջազգային հանրութեան անտարբեր ու անբարոյ հայեացքի ներքոյ մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ խրախուսւած հայանուն «թաւշեայ» իշխանութիւնների դասալիք ու անթասիբ պահւածքով։

Այսօր, սակայն, նոյն ադրբեջանա-թուրքական դաշինքը Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնումն ու յատկապէս սահմանների բացումը պայմանաւորում է բուն Հայաստանի տարածք Սիւնիքով այսպէս ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի անխոչընդոտ տրամադրմամբ ու երթեւեկումով՝ Բաքու-Նախիջեւան-Թուրքիա ռազմավարական տարանցիկ ճանապարհով։

Իսկ նոյն հայատեաց դաշինքը Հայաստանի պարտւողական  իշխանութիւնների «Խաղաղութեան խաչմերուկ»-ի առաջադրանքի կենսագործումը պայմանաւորում է «հարիւր հազարաւոր փախստական ադրբեջանցիների «արեւմտեան Ադրբեջան» ապահով ու երաշխաւորւած վերադարձով»…։

Տւեալ պայմաններում, Իրանի սկզբունքային դիրքորոշումն, ինչպէս նշւեց վերեւում, համահունչ է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանն ու անվտանգութեան ապահովմանը։ Քանզի ըստ Իրանի պետական-պաշտօնական դիրքորոշման՝ իր անմիջական հարեւանութեան մէջ գտնւող Սիւնիքից ինչ-որ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը դա «ՆԱՏՕ-ի թուրանական կորիդորն» է, որի հետ երբեւէ հաշւի չի նստելու Իրանը։ Մանաւանդ, երբ միեւնոյն միջանցքի յարակից շրջանների ապահովութիւնը երաշխաւորելու դերը պրն. ալիեւը որոշել է վերապահել թուրք-իսրայէլական ռազմական միաւորներին։

Հայաստանի հետ Իրանի շահերի համընկնումը նաեւ օժտւած է երկուստեք պատմական եւ բնական դաշնակից լինելու հանգամանքով։ Եւ որքանով երկու բազմադարեայ բարեկամ երկրները խորքային առումով գիտակցել են այդ չգրւած օրինաչափութիւնը, այդքանով էլ զերծ են մնացել արտաքին նմանատիպ սադրանքներից։ Բարեբախտաբար Իրանն, այսօր, առաւել քան երբեւէ, կարեւորում է Հարաւային Կովկասի եւ առհասարակ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական իրադարձութիւններին ծանրակշիռ մասնակցութիւն ունենալու իրողութիւնը։ Իսկ սրա հետ անխուսափելիօրէն պէտք է հաշւի նստի Հայաստանի ներկայիս բախտախնդիր իշխանութիւնը, որի արհեստական ու կոյր հակառուսականութիւնը բերել է նրան, որ նախորդ դարասկզբի նման, այժմ եւս հայկական հարցերը  նժարի վրայ են դրւում՝ «արեան ու նաւթի» անբարոյ արժեհամակարգի տիրոյթում…։

Եւ ցաւօք՝ յար եւ նման նախորդ դարի հայկական Նախիջեւանի հայաթափմամբ, այսօր էլ նոյն անգլօ-սաքսոնական նպատակները «արդարացրին» ԱՐՑԱԽԻ բռնազաւթումն ու հայաթափումը։ Յաջորդ թիրախները, սակայն, թուրք բորենիների անկուշտ ախորժակների համար, Սիւնիքն է ու  ողջ հայրենի երկիր Հայաստանը։

Պատմական ու ժամանակակից անաչառ փորձը բազմիցս է ապացուցել, որ տւեալ երկրի, այս դէպքում՝ Հայաստանի, ազգային թէ՛ պետական շահը երբեք երաշխաւորւած չի եղել զուտ ռուսական կամ արեւմտեան օրիենտացիային տրւելով։ Յատկապէս՝ երբ ոչ թէ որպէս օրիենտացիա, այլ լոկ որպէս վստահելի հարեւան, Հայաստանը ունեցել է միմիայն բարեկամ Իրանին։

Եւ վերջապէս, Հայաստանի շուրջ վխտացող ներքին թէ՛ արտաքին բազմապիսի ձախորդութիւնները դիմագրաւել-յաղթահարելու իրական ու արդիւնաւէտ միջոցը կայանում է հայկական օրիենտացիայի որդեգրման մէջ, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ հայկական թասիբի ու արժանապատւութեան վերականգնումն ու նպատակային զօրաշարժի ենթարկումը։ Այլապէս՝ տւեալ հայի անւան մշտական ուղեկիցն է լինելու՝ ՆԺԴԵՀԵԱՆ «ապերախտ ժողովուրդ» նզովքը…

Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031