Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

Հունվար 17,2024 17:23

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել հանրային գերակա շահին առնչվող երկու օրենսդրական նախագծերի մասին (««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր)` համարելով դրանք մտահոգիչ և խնդրահարույց։ Ավելին, ըստ կազմակերպությունների, նախագծերի չհիմնավորված լինելը հարցեր է առաջացնում դրանց իրական նպատակների վերաբերյալ։ Կարծիքի տեքստում առանձնացվում է երկու խնդիր։

Առաջին, ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել մի դրույթ, որի բովանդակությամբ դրույթ գործող օրենքում արդեն իսկ առկա է։ Մասնավորապես Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7.1 կետով. ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերում.»: Հարկ է նշել, որ գործող օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է գնահատման պարտադիր դեպքերը: Ի թիվս այլ դեպքերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գնահատումը պարտադիր է. «2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.»:

Անդրադառնալով փոփոխության չհիմնավորված լինելուն՝ կազմակերպությունները նաև ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ Ֆիրդուսի սեփականատերերն այժմ դատարանում վիճարկում են օտարման գործընթացի իրավաչափությունը՝ գործող դրույթի չկատարման հիմքով. «Նման պայմաններում առաջարկվող լրացմամբ նախատեսված կարգավորումները հիմնավորված չեն, քանի որ անհրաժեշտ դեպքը արդեն իսկ նախատեսված է օրենքով, և այսօր էլ հանդիսանում է գնահատման պարտադիր հիմքերից մեկը: Ավելին, առանձին դատական գործերի քննության շրջանակներում գնահատման պարտադիր առկա այս հիմքից բխող պահանջների չպահպանումը (հաշվետվությունները գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագրում մուտքագրված չլինելու հանգամանքը) դարձել է նաև գնահատման հաշվետվությունների իրավաչափությունը վիճարկելու հիմք՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասում (33-րդ թաղամաս)  տեղակայված գույքի սեփականատերերի կողմից, ինչը այս լրացմամբ հետապնդվող իրական նպատակը դարձնում է առավել խնդրահարույց և տարակուսելի»:

Երկրորդ, «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով օտարման ենթակա գույքի նկարագրության արձանագրողը հնարավորություն կստանա հարկադիր կատարման ծառայության միջոցով մտնելու անձի սեփականության տարածք։ Ըստ օրենքի, այնինչ, եթե սեփականատերը խոչընդոտում է, արձանագրողը պետք է իր գործառույթը կատարի ըստ հնարավորության։ Սա խնդրահարույց է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման տեսանկյունից. «Գտնում ենք, որ նշված իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից՝ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման սահմանադրական երաշխիքների խախտման հիմքով»:

Ամփոփելով՝ կազմակերպությունները առաջարկում են նախագծերից հանել վերոնշյալ դրույթները։

 Մանրամասն՝ կարծիքի տեքստում։

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031