Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է»․ Հայկ Կոստանյան

Հունվար 17,2024 17:19

Օղակաձեւ այգին ամբողջությամբ, ինչպես նաեւ հանրային մյուսը այգիները պետք է ծառայեն որպես հանրային տարածք, որպեսզի մարդիկ կարողանան ազատ շրջել եւ հանգիստը վայելել, եւ պարոն Ավինյանի նշած թենիսի կորտերի ենթադրյալ տեղափոխելն այդ տրամաբանության մեջ է։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ թենիսի կորտերը, ինչպես նաեւ մնացած այլ տնտեսվարողները, որոնք Օղակաձեւ զբոսայգում են, բոլորն այնտեղ բիզնես են իրականացնում, բնականաբար, թենիսը իր տարբերությունն ունի այլ տնտեսվարողներից, որովհետեւ սպորտ է, ունի որոշակի պատմություն․ «Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է հետեւյալը՝ այն տրամաբանության մեջ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի, որը վերածվելու է այգու եւ ավելի սոցիալական բաղադրիչ է լինելու, ոչ թե ավելի շատ բիզնես գործունեություն, ինչը ներկայում է, այդ տրամաբանությամբ առաջարկվում է տրամադրել այլ տարածք, որպեսզի թենիսի կորտերն իրենց գործունեությունն իրականացնեն այլ տարածքում»։

Կոստանյանի ներկայացմամբ՝ քաղաքապետարանը նույն առաջարկը չի անում տարածքում գործող այլ տնտեսվարողներին, քանի որ քաղաքապետարանը ինչպես թենիսին, այնպես էլ մնացած սպորտաձեւերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ քաղաքապետարանը նախապես չի խոսել Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ, այդ թվում՝ «Արարատ» թենիսի ակումբի, ընդ որում կառուցապատումն առանց մրցույթի է իրականացվելու, իսկ այդ ընկերությունը՝ «Գրին ռոք մենեջմենթը» հայտարարել է, որ դեռ ստորագրած փաստաթուղթ չկա, պատասխանեց՝ այո, որեւէ վերջնական բան չկա, որովհետեւ անկախ նրանից, որ այդ ծրագիրը, որը վերջնարդյունքում կհայտնվի քաղաքապետարանի սեղանին՝ վերջնարդյունքում քաղաքապետարանն է հավանություն տալու այդպես հիմնանորոգվի ու վերակառուցվի, թե՞ ոչ․ «Ինչու չենք հանդիպել տարբեր տնտեսվարողներին։ Պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա։ Հետո՝ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ։ Այս պահին ծրագրի հետ կապված ընկերությունը քննարկումներ է իրականացնում, որից հետո կներկայացնի քաղաքապետարան: Երբ վերջնական հավանություն ստանա ծրագիրը, բնականաբար մենք կիրականացնենք թե հանրային լսումներ եւ թե կներկայացնենք, թե ինչի մասին է լինելու ծրագիրը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է առանց մրցույթի ծրագրի իրականացումը տրվում հենց «Գրին ռոք մենեջմենթ»-ին, ընդ որում «Էվոկաբանկի» եւ «Գրին-ռոք մենեջմենթ» ընկերության սեփականատերը նույն մարդն է, որը 254 մլն դրամ է անհատույց տրամադրել քաղաքապետարանին գեղասահքի դպրոցի վերականգնման համար, Կոստանյանը պատասխանեց․ «Երեւանի քաղաքապետարանը մշտապես հրապարակավ ասել ու ասում է՝ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար որեւէ ծրագիր ունեն, քաղաքապետարանի դռները բաց են։ Այն համագործակցությունը, որ ստեղծվել է «Գրին ռոք մենեջմենթ»-ի հետ, այս տրամաբանության շրջանակներում է; Երեւանի քաղաքապետարանն առանձնահատուկ չի մտածել այգու այդ հատվածի համար ինչ-որ ծրագիր է պետք։ Առաջարկ է եղել, որը մեզ համար ընդունելի է այս պահին»։

Հակադրմանը՝ որ ընկերությունն ասում է քաղաքապետարանն է իրենց դիմել, Կոստանյանը պատասխանեց․ «Սա դառնում է հավի ու ձվի պատմությունը։ «Էվոկաբանկ»-ը ներդրում իրականացրեց մոտ 300 միլիոն դրամ՝ մարզադպրոցի համար։ Քաղաքապետարանը հայտարարել է՝ եթե կան ծրագրեր, եկեք իրականացրեք, կլինի մարզադպրոց, թե այգի։ Եթե զուգորդենք իմ ասածներն ու «Գրին ռոք»-ի ասածը, միտքը գալիս, կպնում է իրար»։

Խոսնակն ասաց՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի հետ կապված «Գրին ռոք» ընկերությունը մոտ 8,5 մլն դոլարի ներդրում է իրականացնելու․ «Այդտեղ որտե՞ղ է կոռուպցիան: Մարդը վարձակալությամբ է վերցնելու: Ներկայումս Օղակաձեւ զբոսայգում վարձակալությունները տրվել են տարիներ առաջ՝ մինչեւ 99 տարով, 25, 30 տարով: Ես չգիտեմ՝ ինչ ժամկետով կկայացվի «Գրին ռոքի»-ի հետ: Բնականաբար, այդ տարածքում սրճարան լինելու է: Այդ ողջ տարածքը 4,5 հեկտար է: Որքանո՞վ է տրամաբանական, այդքան սրճարանների՝ գարեջրատուն, «Տաշիր պիցցա», մնացած երաժշտական հաստատությունները, դրանց փոխարեն պայմանական լինի մեկ սրճարան, որեւէ խնդիր առաջացնելո՞ւ է: Այն նախնական ծրագիրը, որ ներկայացված է, իրենք դեռ քննարկում են, բացառապես խոսքը երկու սրճարանի մասին է: Այսօր այնտեղ կա 7-8 տնտեսվարող: Վերջնարդյունքում ներկայացված ծրագրով չեք տեսնելու այն պատկերը, որն այսօր կա։ Դա կարող եմ վստահ ասել»:

Նշենք, որ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Օղակաձեւ այգում գտնվող թենիսի կորտերը քանդվելու են, երբ ակումբն ավելի հարմար տարածք տեղափոխված կլինի։

Այս ծրագրին ինչո՞վ կարող է խանգարել թենիսի կորտը, որը քաղաքի պատմությունն է, 60 տարի է՝ կա, ինչո՞վ է ավելի քիչ գերակա հանրության համար, քան այն օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն ծրագրով, Կոստանյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ գաղափարը հետեւյալն է՝ այն, ինչը հանրությանն է պատկանում, մարդիկ պետք է լիարժեք իրենց հանգիստը իրականացնեն, տրամաբանությունն այն է, որ այգին ծառայի ըստ իր նշանակության։

«Չի կարող մի գոտի համարվի հանրային գերակա շահ, մի հատվածը տրվի իքս կազմակերպությանը, իսկ այն մի հատվածը, որը համայնքինն է, վարձակալությամբ տրվի մեկ այլ ընկերության, խոսքը թենիսի կորտերի մասին է, որովհետեւ ցանկացած մարդու մոտ հարց կառաջանա։ Կարող է հիմա սկսեն դրա մեջ կոռուպցիոն մի բան ման գալ»,-ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ 4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է։

Նա նաեւ ասաց, որ օրինակ այգում գործող «Մուլտի Ուելնես»-ի հետ կապած հարցեր են հնչում, եթե այս կամ հետագայում որեւէ այլ ներդրող լինի, դիմի, ասի, որ ուզում են այգու 3-րդ հատվածը վերակառուցել, այգի դարձնել, քաղաքապետարանը իր առաջ որեւէ խնդիր չունի իքս կամ իգրեկ տնտեսվարողի առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու․ «Եթե ինչ որ փուլում կհայտնվեն նման սոցիալական ծրագրեր, դրանք հնարավոր է կյանքի կոչել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031