Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդ ժամանակներ են Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ աջակցություն է ակնկալում ՀՀ-ն Ավստրիայից». Էվա Էռնստ Ձիձիչ

Հունվար 17,2024 17:45

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, եւ այդ ժամանակաշրջանից դրանք դինամիկ զարգանում են: Այս մասին հունվարի 17-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը:

«Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ հավասարակշռված բանաձեւ ընդունելու եւ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումն Ավստրիայի խորհրդարանում դատապարտելու համար»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է մեր երկրի շուրջ անվտանգային միջավայրին եւ նշել, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով գործուն քայլեր է ձեռնարկում:

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի անդամները ողջունել են հյուրերին, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին, կարեւորել նրանց՝ Հայաստանում ինտեգրումն ու աջակցությունը: Ընդգծվել է գերիների եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի կազմակերպման հարցը:

«Բարդ ժամանակներ են Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է տեսնել ընդհանուր պատկերը ձեր երկրում, հասկանալ՝ ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանն Ավստրիայից: Մենք համագործակցում ենք դիվանագիտական, տնտեսական, կրթական ոլորտներում»,- նշել է Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը՝ կարեւորելով երկու երկրների համագործակցությունը նաեւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը շոշափելի արդյունք կարձանագրի:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031