Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ապացույցները վկայում են, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր չէ նրա համար, ինչի համար նրան մեղադրում են»․ Էրիկ Ալեքսանյան

Հունվար 17,2024 16:55

«Բոլոր ապացույցները վկայում են մի բանի մասին, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր չէ նրա համար, ինչի համար նրան մեղադրում են»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հակակոռուպցիոն դատարանում Վլադիմիր Գասպարյանի՝ փողերի լվացման մեղադրանքով գործով դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ ապացույցների հետազոտում։ Դատական նիստին մասնակցում էր նաև Վլադիմիր Գասպարյանը։

Հիշեցնենք՝ պետությունը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։ Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի կինն ու ընտանիքի անդամները տարբեր տարիների աշխատանքի են անցել իր իսկ ղեկավարած կառույցներում, չեն հաճախել աշխատավայր, սակայն գումար են ստացել։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2000-2018 թթ. ընթացքում Վլադիմիր Գասպարյանի կինը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել: Բացի այդ, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 36 մլն ՀՀ դրամ գումար:

Էրիկ Ալեքսանյան

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանում հետազոտվել են բազմաթիվ փաստաթղթեր՝ որոշումներ, բանկային հաշիվներ, այլ տվյալներ, հրամաններ և այլն։

Հետաքրքրվեցինք՝ ապացույցների հետազոտման փուլում նոր հանգամանք ի հայտ եկե՞լ է, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց․ «Նոր հանգամանք չկա ու չի էլ կարող լինել»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին։ Կշարունակվի ապացույցների հետազոտումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031