«Մեր այս քայլով ցանկանում ենք ցույց տալ, որ Եկեղեցին մենակ չէ, Եկեղեցին իր հավատացյալներով է ուժեղ, եւ որքան էլ փորձեն ցածրացնել, նսեմացնել Հայ Առաքելական Եկեղեցու դերը, մեր կարծիքով, ի վերջո միավորումը եւ հաղթանակը Եկեղեցու շնորհիվ է եւ եկեղեցու միջով է հայ ժողովրդի համար բացվելու»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական Երազանք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, «Հայկական Երազանք» կուսակցության անդամները եւ «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման անդամներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել՝ իրենց աջակցությունը հայտնելու Առաքելական եկեղեցուն:
Առաքելական եկեղեցու դեմ հնչած եւ վերջին օրերին կրկին ակտիվորեն հնչող հայտարարություններն Արմեն Մկրտչյանը դիտարկում է պետական հակաքարոզչության ամպլուայի մեջ: Դրանք, իր կարծիքով, մի կենտրոնից են ղեկավարվում. իշխանական կենտրոնից: Թե իշխանության ինչի՞ն է դա պետք՝ Արմեն Մկրտչյանը հորդորում է իշխանությանը հարցնել:
Իսկ նպատակը Գարեգին Բ–ի պաշտոնանկությո՞ւնն է, թե՞ Եկեղեցու հիմքերի խարխլումը՝ հարցին էլ հարցով պատասխանեց. «Իսկ Գարեգին երկրորդը Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ ի՞նչ կապ ունի: Եկեղեցու հանդեպ տարվող այս հակաքարոզչությունն ինչի՞ ենք անձնավորում: Գործընթաց է տարվում՝ Հայ Առաքելական եկեղեցին մյուս կրոնական, աղանդավորական կազմակերպություններին հավասարեցնելու: Ճիշտ պայքար չտանելու դեպքում՝ դրան ականատես կլինենք»:
Կարդացեք նաև
Առաքելական եկեղեցու դեմ պայքարի սկիզբը, բանախոսի կարծիքով, դրվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելուց եւ շարունակվում է:
«Ի դեմս այս իշխանության, մենք գործ ունենք ազգը եւ պետությունն իրար դեմ հակադրող խմբի հետ: Իրականում, պետությունը ազգի հարատեւման համար գործիք է: Ազգային պետության վերացման խնդիր է դրված եւ փրկությունը գալու է Եկեղեցուց ու Եկեղեցու շուրջ համախմբումից»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Նա հիշեցնում է, որ անկախությունից ի վեր, առաջին անգամ Հայաստանի ղեկավարի ամանորյա ուղերձում ազգի, պետության, պետականության, բանակի մասին ուղերձներ չեղան, փոխարենը՝ թոշակներ, աշխատավարձեր, հարկեր, տնտեսական աճ եւ այլն:
«Ազգային պետության վերացման խնդիր է դրված եւ փրկությունը գալու է Եկեղեցուց ու Եկեղեցու շուրջ համախմբումից»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Ինչ վերաբերվում է Վեհափառի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորին, որը էլ ավելի սրեց հարաբերությունները, եւ ինչպես իշխանական այրերն են բնութագրում՝ Եկեղեցին քաղաքականությանն է խառնվում, բանախոսը նկատում է. «Եկեղեցին իրեն բավական պասիվ է պահել եւ պետք է համախմբող դերն իր վրա վերցնի: Մենք ականատես եղանք Արցախի լուռ հանձնմանը եւ ինստիտուտներից, միայն Եկեղեցին էր, որ բացահայտ կերպով դեմ արտահայտվեց: Կարծում եմ, լարվածությունը նաեւ այդտեղից է գալիս»:
Հիշեցնելով Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ արշավը եւ հարձակումները դեռ 2018 թվականին, Արմեն Մկրտչյանն ասում է. «Եթե ժամանակին հավատացյալներով ճիշտ արձագանքեինք՝ այսօր Եկեղեցուն այս օրը չէին հասցնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ