Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ էս մի գյուղն էլ տվեք, էս մի սարն էլ տվեք». Հրանտ Բագրատյան

Հունվար 17,2024 16:17

«Պիտի հասկանանք` մենք որտեղ ենք եւ ինչ պիտի անենք։ Եթե չճշտենք մեր կոորդինատները, ապա դժվար է ասել՝ այս հարցը ճի՞շտ ենք անում, թե ոչ… Աշխարհն, ըստ էության, դառնում է երկբեւեռ, եւ բեւեռներից մեկի ծայրին հավաքական Արեւմուտքն է, մյուս բեւեռում՝ հավաքական Արեւելքը։ Աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ 193 պետություն, ճանաչված է 197-ը՝ լրիվ կամ մասամբ: Իսկ ընդհանրապես՝ գոյություն ունեն 210 պետություն… Արցախը արդեն չկա: Շնորհիվ ՀՀ իշխանությունների՝ հայերը վիճակագրական շտկումներ արեցին»,-«Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով. «Երկրների կեսն արեւմուտքում է, մյուս կեսն արեւելքում…Առանձնահատկություններ կան, դրանց բնորոշ է կատաղի պայքարը իրար դեմ: Ընդ որում, Արեւմուտքը պայմաններ է դնում իր անդամների առաջ… Օրինակ, եթե Հայաստանը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ լավ է, ապա Արեւմուտքը կասի՝ ես կարող է պատժամիջոցներ կիրառեմ: Բայց եթե Հայաստանը Արեւմուտքի հետ լավ է, Չինաստանը կամ Ռուսաստանը չեն ասի՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք… Առայժմ չեն ասում: Սա ցույց է տալիս, որ հավաքական Արեւելքն ավելի հանդուրժող է հավաքական Արեւմուտքի նկատմամբ:

Մյուս միտումն այն է, որ Արեւմուտքը քանդում է իր ստեղծած գլոբալ աշխարհը: Երբ 1984-ին ստեղծում էր գլոբալ աշխարհը, ինքը հույս ուներ, որ դա թույլ կտա ստանալ լրացուցիչ լծակ, որպեսզի հավերժ պահի իր առավելությունը, իշխանությունը Արեւելքի նկատմամբ: Հետո տեսան, որ հավաքական Արեւելքում որոշ երկրներ, մասնավորապես՝ Չինաստանը, ապա Հնդկաստանը, մասամբ երբեմն Բրազիլիան ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը՝ դառնում են հզոր տնտեսական, քաղաքական միավորներ… Ահա այս պայմաններում պետք է հասկանալ, որ կա Հայաստան, դնել թուղթը եւ ձախ կողմի վրա էլ գրել՝ առավելություններ, որ Հայաստանը կստանա Արեւմուտքից, աջ կողմի վրա գրել՝ առավելություններ, որ կստանա Արեւելքից, ապա դրանց կողքին նշել խնդիրները, որ կստանա Արեւելքից եւ Արեւմուտքից»:

Հրանտ Բագրատյանի ձեւակերպմամբ. «Եթե Հայաստանն ընտրում է Արեւմուտքը, ստանում է երկու խնդիր. պետք է վատացնենք եւ նույնիսկ խզենք մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Այդ դեպքում հարց է ծագում, իսկ ո՞ւմ հետ կարելի է լավացնել, մի Վրաստանով, որ հայտնի չէ, թե ուր կգնա (ի դեպ չեմ հավատում, որ Վրաստանը հեշտությամբ կդառնա ԵՄ անդամ, որովհետեւ նոր կորուստների առաջ կկանգնի), հարց չի լուծվում: Իսկ Վրաստանը կարող է Արեւմուտքն ընտրել, որովհետեւ ունի ծով եւ ծովով սահման Արեւմուտքի հետ: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու Արեւմուտքի փորձերը ձախողվում են, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ էս մի գյուղն էլ տվեք, էս մի սարն էլ տվեք, էս մի ռեգիոնն էլ տվեք: Եվ Արեւմուտքը ոչինչ չի կարողանում անել նրանց այս նկրտումների դեմ: Օրինակ՝ երկու օր առաջ ԵՄ-ն հայտարարեց, թե մենք ձեզ կպատժենք, սակայն, ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի , Բրիտանիայի կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչները վերջին շրջանում ազնվորեն ասում են, որ եթե պատերազմ լինի, Հայաստանը պետք է հասկանա, որ չենք խառնվելու: Սրան պետք է հակադրենք Իրանի հայտարարությունը, որ եթե Սյունիքում պատերազմ լինի, կխառնվենք: Ի դեպ, հայկական արեւմտամետ կառավարական շրջանակները մատ եղան, երբ Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն ամեն գնով կպաշտպանի Հայաստանը: Իհարկե, մենք գոհ չենք Պեսկովի, Մարիա Զախարովայի հայտարարություններից, նրանք գովելու բան չեն, բայց այնուամենայնիվ սա է պատկերը»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031