Հունվարի 15-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Էլս Վան Հուֆի հետ:
🔹Դեսպան Բալայանը նախ և առաջ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում դեսպանության բացման կապակցությամբ՝ բնորոշելով այն որպես բելգիական հետաքրքրության իրական դրսևորում, որը ցուցադրում է հայ-բելգիական հարաբերությունների նոր սկիզբը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, որը դրսևորվում է տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսությամբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև:
🔹Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ անդրադարձավով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։
🔹Տիգրան Բալայանը մանրամասն տեղեկացրեց Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշման, նախաձեռնությունների և քայլերի մասին։
Կարդացեք նաև
🔹ՀՀ դեսպանը մանրամասնեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու դարձավ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։
🔹Հանդիպման ավարտին դեսպան Բալայանը ողջունեց Բրյուսելում հայկական մշակութային կազմակերպությունների գործունեությունը և տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված միջոցառումներ:
Բելգիայում ՀՀ դեսպանություն