«Բարի եք եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտներդ կատար: Շատ տպավորված եմ այս քանակությամբ երիտասարդների ներկայությամբ: Մեր եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել: Հիմա էլ այդպիսի օրեր են, երբ փորձություններով պիտի անցնենք: Եկեղեցին մենք ամենքս ենք. նրանք, ովքեր ծնվել են մկրտության սուրբ ավազանից, նրանք, ովքեր ամենօրյա մասնակցություն են բերում եկեղեցու առաքելությանը: Լինել եկեղեցու կողքին, նշանակում է՝ լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, քո ապրելու իրավունքը, քո արժանապատվությունը եւ ավելացնել քար՝ քո ապագայի կառուցվող շենքին»,- այս խոսքերով այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ երթով Մայր տաճար հասած երիտասարդներին դիմավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Հայկական Երազանք» կուսակցության անդամները եւ «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման անդամներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել՝ իրենց աջակցությունը հայտնելու Առաքելական եկեղեցուն:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ: Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը: Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին: Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը,-ասված էր ցույցի առիթով տարածված հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
«Հայկական Երազանք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արմեն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ իրենք հավատավոր զավակներ են, ովքեր եկել են աջակցություն հայտնելու Առաքելական եկեղեցուն: Նրա դիտարկմամբ՝ ստալինյան բռնաճնշումներից հետո, եզակի դեպք է, երբ ամեն օր ականատես ենք լինում Եկեղեցու դեմ ոտնձգությունների. «Որդիական խոնարհումն ենք առաջարկում եւ պատրաստ ենք ցանկացած պայքարում առաջամարտիկ լինել»:
«Խորը գոհունակություն եմ արտահայտում եւ օրհնություն եմ փոխանցում՝ այս համախմբմանը, մեր կյանքը պայքար է եւ այդ պայքարը, հավատը հաստատելու պայքարը, մենք պիտի առաջ մղենք»,- իր խոսքն այսպես ավարտեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ