Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ «Գոյ» թատրոնին:
«Այս իշխանությունները մի ֆրոնտ ունեն՝ սեփական ժողովրդի դեմ, ու քանի որ սեփական ժողովրդին ուզուրպացրել են մինչեւ վերջ, հիմա էլ անցել են մշակույթի գործիչներին… Էն, որ կենդանի ձկանը սպանում են, բայց կտրտելուց ինքը շարժվում է, դա հիմա մենք ենք՝ մշակութային գործիչներս… սատկացրել են ազգին… Արթուրը Սահակյան չի կարողանում լռել, Գագոն Գինոսյան չի կարողանում լռել… Մարինեն Պետրոսյան, որ չտեսնված դերասանուհի է, ինչու պետք է գա կանգնի ԿԳՄՍ շենքի մոտ, դուք ով եք, որ էդ ցրտին գա կանգնի շենքի մոտ ու ասի՝ ինչու եք ինձ զրկում իմ աշխատելու հնարավորությունից…»,-ասաց Հովհաննես Գալստյանը:
«Երբ իմ ֆիլմի իրավունքները փակել էին, եւ ես հացադուլի էի նստած, չեմ հիշում՝ ով էր եկել, ով չէր եկել: Եվ ես չգիտեմ «Գոյ» թատրոնից մեկը կա՞ր իմ կողքին…Գուցե եւ կար: Անկախ ամեն ինչից՝ ես «Գոյ» թատրոնի կողքին եմ: Իրենք ուրիշ ճանապարհ չունեն, պիտի կանգնեն այնտեղ ու ասեն՝ Հովհաննես Գալստյան, արի մեր կողքին կանգնի, ով կա, վեր կացեք, եկեք, մենք պիտի թույլ չտանք այս թատրոնը փակել»,-ասում է ռեժիսորը:
Նա Փարաջանովի նամակներին էլ անդրադարձավ, ապա դիմեց Տիգրան Մանսուրյանին. «Պարոն Մանսուրյան, Փարաջանովը գրել է, որ հեռացել եք իր ֆիլմից… Ինչու եք հեռացել Փարաջանովի «Խոստովանություն» ֆիլմից, գուցե դուք դրանով մոտեցրել եք իրեն մահվան…Գուցե չէ, հաստատ ….Փարաջանովը գրում է՝ հեռացավ Ալիկը Յավուրյան…Ամբողջ խոնարհումով Յավուրյանի հանդեպ, բայց ոնց կարող էր օպերատորը մենակ թողնել ռեժիսորին… Ի՞նչ են ձեզ տվել, որ դուք Փարաջանովին մենակ եք թողել… Գրում է՝ ես Հայաստանին ազատում եմ ինձանից, գնում եմ՝ Թիֆլիս, ես պետք չեմ Հայաստանին, Հայաստանին պետք են գորշ ամեոբաները… Եվ հիմա այդ գորշ ամեոբաները Փարաջանովի 100-ամյակ են նշում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ