Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում, թե ինչու են որոշել հենց այս կորտերը քանդել, վերացնել Երեւանի պատմության այս խորհրդանիշը, ջնջել մայրաքաղաքի լավ հիշողություններից մեկը»

Հունվար 17,2024 13:38

Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում գտնվող «Արարատ» ակումբի թենիսի կորտերը քանդելու քաղաքապետարանի մտադրությունը շարունակում է մտահոգել բազմաթիվ երեւանցիների եւ մարզաշխարհի մարդկանց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ելույթներում պայծառ գույներով է ներկայացնում մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող այդ եզակի մարզական կառույցի ապագա ճակատագիրը: Թվում է, թե սարսափելի ոչինչ էլ չկա. ընդամենը կորտեր են, որոնք մի ավելի հարմար վայր տեղափոխելու նպատակ կա ու դա լավ գաղափար է: Սակայն քաղաքապետը, քաղաքապետարանը գիտե՞ն այս կորտերի պատմությունը:

Սկսենք նրանից, որ այդ կորտերն այստեղ արդեն կային եւ գործում էին, երբ դեռ Օղակաձեւ զբոսայգին գոյություն չուներ: Այդ կորտերը ծառայում էին ուսանողությանը եւ երիտասարդությանն ընդհանրապես եւ խորհրդային տարիներին պատկանում էին «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությանը: ԽՍՀՄ փլուզումից հետո այս բազայի վրա հիմնվեց «Արարատ» ակումբը, որը հիմա էլ գործում է, ծառայում ինչպես մոտակայքում բնակվող երեխաներին այս արիստոկրատ մարզաձեւի այբուբենը սովորեցնելուն, այնպես էլ առողջ ապրելակերպը նախընտրող հարյուրավոր մարդկանց:

Պետրոս Գարբուզյանը, որը 38 տարվա մարզչական կենսագրություն ունի, Aravot.am-ին ասաց. « Ում տարիքը ներում է, կհիշեն, որ այս կորտերում մշտապես անցկացվել են ինչպես Հայաստանի առաջնություններ, այնպես էլ միջազգային մրցաշարեր: Այս մարզաբազան բոլոր ժամանակներում ունեցել է իր ավանդույթները եւ այստեղ մարզվող թենիսիստներից ու թենիսիստուհիներից շատերը միշտ էլ բարձր վարկանիշ են ունեցել եւ հաղթել կամ մրցանակակիր են դարձել ինչպես Հայաստանում կազմակերպված մարզական միջոցառումներում, այնպես էլ այլ երկրներում: Մասնավորապես, այստեղ են աճել ԽՍՀՄ չեմպիոն Հրանտ Կարապետյանը, անվանի թենիսիստ Լարիսա Հովսեփյանը: Այստեղ մարզվող Հայաստանի կանանց հավաքականը երկու անգամ նվաճել է ԽՍՀՄ թիմային չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով այն ժամանակ ու հիմա էլ թենիսի առաջատար երկրներ համարվող Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի քառյակներին:

«Բուրեվեստնիկի» այս կորտերում անցկացվել են նաեւ Խորհրդային Միության առաջնություններ, որտեղ հանդես են եկել այն տարիների աշխարհի առաջին ռակետներ Ալեքսանդր Մետրեվելին, Օլգա Մորոզովան, ներկայումս ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը եւ թենիսի բազմաթիվ այլ աստղեր: Արդեն մեր օրերում «Արարատ» ակումբը հյուրընկալել է Համահայկական խաղերի ծրագրով կանանց մրցումները: Մեր հաճախակի հյուրերն են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, Պավել Գրաչովը: Էլ չեմ ասում, որ Հայաստանում գրանցված դիվանագիտական կորպուսների մրցումներ ենք կազմակերպել: Ի դեպ, այսօր էլ քիչ չեն դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, որ գալիս ու այստեղ սիրողական մակարդակով թենիս են խաղում զուտ այն պատճառով, որ տեղը հարմար է:

Ես հիմա չգիտեմ, թե ինչ ասեմ հարյուրից ավելի երեխաներին, նրանց ծնողներին, գիտնականներին, դասախոսներին, բոլորին, որոնք շրջակա թաղամասերի բնակիչներն են, այն երիտասարդներին, որոնք դասերից հետո կամ երեկոյան մշտապես գալիս ու թենիս են խաղում:

Չեմ հասկանում, թե ինչու են որոշել հենց այս կորտերը քանդել, վերացնել Երեւանի պատմության այս խորհրդանիշը, ջնջել մայրաքաղաքի լավ հիշողություններից մեկը»:

Aravot.am-ը լսեց նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կարծիքը քաղաքապետարանի այս մտադրության մասին: Մեզ ՀԹՖ-ում ասացին, որ միանշանակ դեմ են կորտերը քանդելուն եւ համոզված են, որ դրանք պետք է մնան Օղակաձեւ զբոսայգում, ինչը զբոսայգիներին ներկայացվող ժամանակակից չափանիշներով, պարզապես, անհրաժեշտություն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եղբայր, շատ ճիշտ ես ասում, ես էլ չեմ հասկանում, թե ինչու են որոշել քանդել հենց հայ ժողովրդի պատմության և մեր եկեղեցու պատմության դասագրքերը ու վերացնել մեր կարևոր արժեքները։ Միայն հարևանս է հասկացել իմ ու քո չհասկացածները։ Նա ասում է, որ նիկոլն ու իր թիմը քանդելուց բացի ոչինչ չեն կարողանում անել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031