Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետի բանկային հաշիվների վրա արգելանք դրված չի եղել. պարզաբանում են Հարկադիր ծառայությունից

Հունվար 17,2024 13:26

Զավեն Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցադիմումի հիման վրա սկսված վարույթի շրջանակում փոխգնդապետ Լեւոն Հարությունյանի բանկային հաշիվների վրա արգելանք դրված չի եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«Կատարողական թերթի համաձայն՝ հայցադիմումի՝ 3 միլիոն դրամի չափով արգելանք պետք է դրվեր Լեւոն Հարությունյանին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների: Քանի որ պարտապանը հունվարի 8-ին ծառայությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հիմքով վարույթ է ունեցել հարուցված, միգուցե դա է եղել պատճառը, որ հաշվի արգելադրում է նկատել, եւ կարճվելուց հետո՝ արգելանքը վերացել է: Կոնկրետ այս քննարկման առարկա կատարողական վարույթով նման արգելանք կիրառված չէ: Իսկ քանի որ հունվարի 12-ին է հարուցվել, այդ օրը Հարկադիր կատարողը չէր կարող իմանալ կադաստրային հարցման արդյունքները, որովհետեւ հենց հունվարի 12-ին են հարցումներն ուղարկվել Կադաստր»,-Aravot.am-ին փոխանցեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Ինչ վերաբերում է փոխգնդապետի՝ Նոր-Նորքում գտնվող տան վրա արգելանք դնելու մասին տեղեկություններին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանեցին, որ այս պահին չեն կարող ասել՝ այդ հասցեում գտնվող բնակարանի վրա կիրառված արգելանք կա՞, թե՞ չկա, քանի որ դեռեւս կադաստրային հարցման պատասխան չեն ստացել. «Իսկ մյուս հասցեներում գտնվող իր գույքի մասով կադաստրից պատասխան կա, տեսանելի արգելանքն իրենք տեսնում են»:

Փոխգնդապետի պաշտպան Աննա Թամազյանի հարցադրումների մասին, թե ինչու է իր պաշտպանյալի գրեթե ողջ գույքի վրա արգելանք դրվել, արդյո՞ք արգելանքի տակ առնված ողջ գույքը 3 միլիոն դրամ է կազմում, Հարկադիրից մեզ պարզաբանեցին. «3 միլիոն դրամի իրավաչափությունը ստուգելը կողմի պարտավորությունն է, ինքը պետք է ներկայացնի փաստաթղթերը, գնային արժեքները: Եթե համաչափության կարգով ցույց տա արժեքները, ընթացքը հարկադիր ծառայողները կլուծեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031