«Նախորդ տարին թանգարանի համար բավականին արդյունավետ, ակտիվ, հագեցած եւ ինչ-որ առումով չափից ավելի արագընթաց տարի է եղել: Թանգարանը բավականին տպավորիչ ցուցանիշներ ունի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ նշելով, որ այդ ամենն ընթացել է թանգարանի արդիականացման գործընթացներին զուգահեռ: «Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել են տարբեր ձեւաչափերով՝ 30 ցուցադրություններ, ինչպես թանգարանում, այնպես էլ այլ կազմակերպություններում, նաեւ առցանց ցուցադրություններ, ինչպես թանգարանի հավաքածուներով, այնպես էլ՝ այլ ինստիտուտների հավաքածուների հետ համադրված եւ համագործակցությամբ:
Թանգարանի տարածքում կազմակերպվել են 11 մեծածավալ մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններ, 7 փոքրածավալ ժամանակավոր ցուցադրություններ:
Թանգարանից դուրս՝ Երեւանում եւ արտասահմանում, կազմակերպվել են 7 փառատոնային ցուցադրություններ: Թանգարանն առցանց եւ առցանց շրջագայության ձեւաչափով կազմակերպել է 5 ցուցադրություն, որոնք հասանելի են թանգարանի պաշտոնական կայքով»,-ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը՝ թանգարանի 2023-ի գործունեությունն ամփոփելիս:
Դավիթ Պողոսյանի խոսքով՝ «Տարբեր ցուցահանդեսների ընթացքում թանգարանի հավաքածուից ներկայացվել է ավելի քան 4000 նմուշ, իսկ այլ կազմակերպություններից փոխառման տարբերակով՝ 520-ից ավելի ցուցանմուշ: Կազմակերպված ցուցահանդեսներին ունեցել ենք 78 000-ից ավելի այցելու, թանգարանում իրականացվել են 50-ից ավելի տարբեր գիտամշակութային միջոցառումներ, 36 կրթական ծրագրեր: Թանգարանի գիտաշխատողները 39 զեկուցումներով հանդես են եկել տարբեր հարթակներում, շուրջ 250 անդրադարձ կա ԶԼՄ-ներում՝ թանգարանի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ, թանգարանն այս տարվանից ունի երկու մասնաճյուղ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում եւ Հրազդանի երկրագիտական թանգարանում, որն անվանակոչվել է Կոտայքի երկրագիտական թանգարան:
Թանգարանի տնօրենը նաեւ հայտնեց, որ համալրվել է թանգարանի հիմնական հավաքածուն. «Այդ տարի արդեն հատել ենք 400000-ի սահմանը՝ թանգարանի գրանցված մշտական հավաքածուների առումով եւ ունենք շուրջ 2800 ցուցանմուշի ձեռքբերում՝ մեր պահոցներում: Դրանց գերակշիռ մասը հնագիտական հավաքածուներ են, բայց նաեւ ունենք շուրջ 500 դրամագիտական ձեռքբերումներ, 120-ից ավելի ազգագրական, 80-ից ավելի նոր եւ նորագույն շրջանի պատմության շրջանից, ընդհուպ ունենք հնատիպ գիրք»:
Նա հավելեց, ու Կաղնուտից, Լճաշենից եւ այլ հնագիտական հուշարձաններից մեծածավալ հավաքածուներ են ստացել, որոնք իրենց է հանձնել ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: Այս կառույցի հետ Պատմության թանգարանը սերտ համագործակցում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ