Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր Դավիթ Տոնոյանին

Հունվար 17,2024 10:14

Կարդացի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ՔԿՀ-ից ուղարկված հայտարարությունը։ Քանի որ նա գտնվում էր անազատության մեջ, թերևս այնքան էլ ճիշտ չէր նրան հարցեր ուղղել, որի մասին վաղուց էի մտածում։ Նրան խնայեցի նաև, երբ նա այցելեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Սակայն այժմ արդեն որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին։

1․Պարոն Տոնոյան, երբ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո հեղափոխականներն անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին, ինչպե՞ս էիք Ձեզ զգում և ինքներդ Ձեզ համարու՞մ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․

2․Պարոն Տոնոյան, Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ առ այն, որ այդ հանձնաժողով կոչվածի և նրա նախագահի նպատակը ՀՀ զինված ուժերին 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր ճանաչելն է։ Մեղավոր ճանաչելով զինված ուժերին, բնականաբար, մեղավոր են բանակի հրամանատարությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ մինչ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ՝ նախկինները։ Այն որ, հանձնաժողովի նախագահը տարածում է բամբասանքներ և զրպարտություններ՝ նույնպես համաձայն եմ, բայց արդյոք Դուք այդ մասին նո՞ր եք իմանում։ Իսկ, երբ այդ նույն անձնավորությունը գլխավորում էր նույնանման, բայց 4-օրյա պատերազմին վերաբերվող հանձնաժողովը, չնկատեցի՞ք, որ նույն բամբասանքի և զրպարտության ոճով էր նա շարժվում։ Թե՞ այն ժամանակ Դուք անվերապահորեն հավատում էիք ինչպես վարչապետ կոչեցյալին, այնպես էլ նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։ Եթե այո, ապա․․․

3․Պարոն Տոնոյան, որպես պաշտպանության նախարար, արդյոք Ձե՞ր որոշումն է եղել, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է զորակոչը և սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։ Եթե ոչ, ապա հարց է առաջանում, Դուք այդ որոշման հետ համաձայն եղե՞լ եք։ Եթե ոչ, ապա․․․

4․Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 9-ը, Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Արդյոք Դուք տեղեկացված եղե՞լ եք այդ մասին։ Եթե այո, ապա Դո՞ւք եք առաջարկել մերժել առաջարկությունները։ Եթե ոչ, ապա․․․

5․Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդին իր ստերով մոլորեցնում էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Ձե՞ր հրահանգով էր գործում։ Եթե ոչ, ապա․․․

6․Պարոն Տոնոյան, երբ Դուք զգացիք, որ պատերազմը տանուլ ենք տալիս, ի՞նչ քայլերի կարելի էր գնալ, որ չհամարձակվեցիք անել։ Եթե հնարավոր էր և չհամարձակվեցիք անել, ապա․․․

6․Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո, գալիս է գլխավոր հարցը․ Պարոն Տոնոյան, եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչո՞ւ չեք մատնանշում հիմնական մեղավորին։ Արդյոք դեռևս հավատում, խնայում եք նրան, թե՞ վախենում եք նրանից։ Եթե այո, ապա․․․

7․Եվ վերջապես վերջին հարցը։ Պարոն Տոնոյան, Ձեր հայտարարությամբ, դիմել եք գլխավոր դատախազուհուն։ Այսինքն, Դուք հավատում եք, որ նա գործում է անկախ և անաչա՞ռ։ Արդյոք Ձեր պաշտոնավարման ժամանակ գլխավոր դատախազը գործում էր օրենքո՞վ և պատվերներ չէ՞ր կատարում։ Թե՞ Դուք զբաղված էիք զինված ուժերով և չէիք նկատում Ձեր նախկին գործընկերների նկատմամբ սարքված քրեական գործերն ու հալածանքները։ Եթե այո, ապա․․․

Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031