Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծիծաղում է նա, ում ձեռքին դատարաններ կան

Հունվար 17,2024 10:00

2021 թվականի փետրվարին վարչապետ Փաշինյանը, հերթական անգամ արդարանալով պատերազմում իր ղեկավարած պետության պարտության համար, անդրադարձել է այդ պարտության ռազմական բաղադրիչին: «Կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով», – ասել է նա:

Իմ կարծիքով, պատերազմի վերաբերյալ վարչապետի բոլոր տեսակի արդարացումները չեն դիմանում որեւէ քննադատության: Երբ նա ասում է, որ Արցախն արդեն հանձնել էին 1991, 1996, 2001 կամ 2011 թվականներին, մարդը, որը բացարձակապես տեղյակ չէ Հայաստանի նորագույն պատմությանը եւ իրական վիճակին, կարող է ենթադրել, որ Փաշինյանի նախորդների ժամանակ Արցախն իսկապես Ադրբեջանի տիրապետության տակ էր, պարզապես 5,5 տարի առաջ դա ոչ ոք չէր նկատել: Բայց երբ ասվում է, որ հրթիռը կարող է պայթել 10 տոկոսով, դա անհեթեթ կթվա ֆիզիկայի մասին անգամ տարրական պատկերացում ունեցող մարդուն:

Ինչպե՞ս է այդ պնդմանն արձագանքելու պրոֆեսիոնալ զինվորականը: Ըստ ամենայնի՝ պարզապես ծիծաղելու է: Հենց այդպես էլ արձագանքել էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, երբ լրագրողը նրան հարցրել էր «Իսկանդերի»՝ 10 տոկոսով պայթելու մասին:

Անմիջապես այդ ծիծաղից հետո Փաշինյանը նրան ազատել էր պաշտոնից: Իրոք որ՝ ինչպե՞ս կարելի էր հանճարեղ զորավարի ասածները կասկածի տակ դնել: Բայց դեռեւս այն ժամանակ ինչ-որ բան ինձ հուշում էր, որ Խաչատրյանի պատիժը դրանով չի սահմանափակվի: Ենթադրում եմ, որ իրավապահներին հանձնարարություն էր տրված՝ փնտրել ինչ-որ «չարաշահումներ» նրա գործունեության մեջ, ինչպես որ դա հրահանգավորվում է ցանկացած «նախկինի» դեպքում: Բայց, ըստ ամենայնի, «չարաշահումներ» այս երեք տարում չհայտնաբերվեցին:

Եվ ահա առիթը ներկայացավ՝ «խուլիգանություն», ինչ-որ կենցաղային միջադեպ, որին գեներալ-լեյտենանտի մասնակցությունը դատարանը դեռեւս չի պարզել, բայց ՆԳՆ-ն եւ պաշտոնական քարոզչությունը ներկայացնում են իրենց հարմար ձեւով: Եվ դարձյալ նշենք՝ երկու ամիս կալանք խափանման միջոցը այս դեպքում պատժի ձեւ է, ոչ թե իրավական անհրաժեշտություն:

Ինչ մնում է Խաչատրյանի ենթադրյալ «խուլիգանությանը», ապա խորհուրդ եմ տալիս իրավապահներին քննել այն մարդկանց վարքը, որոնք հրապարակավ խոսում են «շինելու» եւ «կզցնելու» մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ծիծաղում է նա, ում ռուսերեն խոսելու վրա ծիծաղում են ռուսները, անգլերեն խոսելու վրա ծիծաղում են ամերիկացիներն ու եվրոպացիները, իսկ հայերեն խոսելու ժամանակ ծիծաղում են ցնցուղներն ու կախիչները և վախենում է միայն ԿԳՄՍ նախարարուհին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031